Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձերբակալված մարդուն մեղադրում են հավաք կազմակերպելու մեջ». փաստաբան (տեսանյութ)

Քաղաքականություն
revazyan

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը չի հիշում, թե մեկ էլ երբ են Հայաստանում այսպիսի քաղաքական ռեպրեսիաներ եղել. «Կարող է՝ Սերժի ասածից հետո իսկապես որոշ բաներ մոռացել եմ, բայց  մարտի 1-ից հետո, որպես պատգամավոր, ես ցանկացած կալանավորված մեկի մոտ մտել եմ, որեւէ խոչընդոտ չի եղել, փաստաբանները մտել են, դիտորդները մտել են, սակայն այսօր փակել են բոլոր դռները»,- ասաց նա՝ հավելելով, որ խմբակցության անդամների ձերբակալության պատճառով իրենց գործունեությունը խաթարվել է: «Մեր խմբակցության գործունեությունը պարալիզացվել է: «Բարեւ Երեւանը» հինգ անդամ ունի, որից երկուսը կալանավորված է: Իհարկե, ավագանու անդամն անձեռնմխելի չէ, բայց այդ մարդկանց ընտրել են երեւանցիները, բանտարկել եք որ ի՞նչ: Համոզված եմ, որ սա քաղաքական հետապնդում է  մասնավորապես «Ժառանգություն»  կուսակցության նկատմամբ: Մեղադրանքը, որ նրանց առաջադրել են՝ զանգվածային անկարգություններ հրահրելը, ես հայտարարում եմ, որ ոստիկանությունն է զանգվածային անկարգությունների կազմակերպիչը»,-ասաց նա: Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանն էլ նշում է, որ իր պաշտպանյալի ձերբակալությունը զավեշտ է պարունակում: «Հուլիսի 27-ին Դավիթին բերման են ենթարկում Խորենացի փողոցից, ապա հուլիսի 29-ին եւս ձերբակալում են՝ հուլիսի 27-ին ապօրինի հավաք կազմակերպելու համար: Մարդը, որը այդ օրը եղել է ձերբակալված՝ ոստիկանական բաժանմունքում, ինչպե՞ս կարող էր հավաք կազմակերպել»:  Փաստաբանը նշեց, որ  Սանասարյանին հիվանդանոցից են բերման ենթարկել վերջին անգամ, եւ քաշքշուկի արդյունքում Դավիթի ինքնազգացողությունը վատացել է. «Ոստիկաններն ասել են՝ կտանենք քեզ բուժզզնման, սակայն տարել են ոստիկանական բաժանմունք»: Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Արմեն Մարտիրոսյանը մեղադրվում են զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, սակայն, փաստաբանի խոսքով, հենց նրանք էին քաղաքացիներին զսպում, որ չընդհարվեն ոստիկանների հետ, սթափության կոչ էին անում: «Թող բերեն, ցույց տան որեւէ տեսանյութ, որտեղ նրանք անկարգություններ են հրահրում, հիմնվում եմ միայն ոստիկանների շինծու ցուցմունքների վրա: Իրավաբանության հետ գործ չունենք, քաղաքականություն ասեմ, կամայականություն ասեմ: Զավեշտալի է,  երբ ինչ-որ ոստիկանի մեկը մատով կպնում է, երկու ժամ հետո անմիջապես գտնում, բերման են ենթարկում, բայց այսքան լրագրողների, ցուցարարների  ծեծեցին, ջարդեցին, դրանց տեսանյութերով ողողված է համացանցը, մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, մի ոստիկան չի ձերբակալվել»,-եզրափակեց Ռեւազյանը: