Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ազգային ժողովի հոգեհանգիստը 9-10 ամիս առաջ տեղի ունեցավ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Hranush-xaratyan

«Ես հիշեցի ինձ  այս վերջին 2 բերման ենթարկելը , երբ ամբողջ ընթացքում ես ոստիկաններին բացատրում էի, որ դուք օրենք եք խախտում և այլն և այլն, բոլորը շատ լուրջ, շատ պարապած տոնով ինձ պատասխանում էին՝  մենք  դա գիտենք, սակայն արել ենք և անելու ենք, մեզ հրամայված է և մենք անում ենք»,- պատմում է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ «Ի՞նչ հրաժարականի մասին է խոսքը։ Հրաման են տվել, որ գնան Սարի թաղում կամ Խորենացիում ծեծեն մարդկանց։  Հիմա էգուց, եթե նա հրաժարական չտա, այլ վերցնի պաշտոնանկի, բա էն կողքի ոստիկանները չեն ասի՝ ապեր, ախր քո ասածով էր, որ գնացինք ծեծեցինք, բա ինչի ես մեր ընկերոջը գործից հանում։ Հիմա սա էլ նույն բանն է։ Պետության զավթում է կոչվում սա»,- ասաց Լևոն Բարսեղյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ, որ Վլադիմիր Գասպարյանն ու Լևոն Երանոսյանը հրաժարական տան կամ նրանց պաշտոնանկ արվի՝ հաշվի առնելով հունիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները։ Նրա խոսքերով՝ 10 տարուց ավելի է, ինչ Հայաստանը համարվում է պետության զավթման մակարդակով կոռումպացված երկիր։ Կատարված  իրադարձություններին ըստ Լևոն Բարսեղյանի՝ համարժեք չէր նաև Ազգային ժողովի մոտեցումը՝ մասնավորապես  արտահերթ նիստ չգումարելու առումով։ «Ազգային ժողովը հանգուցյալ է, բոլորը սպասում են հոգեհանգստի ժամին, սովորաբար դա լինում է ընտրություններից  2-3 ամիս առաջ, բայց այս անգամ 9-10 ամիս առաջ տեղի ունեցավ»,-հեգնանքով նշեց  նա։ Անդրադառնալով նաև Սերժ Սարգսյանի վերջին ելույթին՝ պարոն Բարսեղյանը  նկատեց, որ իրականում Սերժ Սարգսյանը կտրված է իրականությունից։ «Սերժը իրականությունը ընկալում է իր հեռավոր բլինդաժից»,-ասաց նա ու հավելեց. «Ես գնալով համոզվում եմ, որ ինքն ու իր վարչախումբը խորությամբ չեն հասկանում այն խնդիրները, որոնց մեջ հայտնվել է ՀՀ-ն։ Իշխանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ պաշտպանում է ոչ թե հանրության, այլ իրենց շահերը։ Ես չեմ հիշում մի դեպք, երբ լրագրողներին հրավիրեն քննչական ու նրանք հրաժարվեն բացատրություն տալ իրենց հետ կատարվածի մասին։ Սա մենթապետություն է, և մեր հաշվին զինված գազանների ոհմակ են պահում, որ պետք եկած ժամանակ  ծեծեն լրագրողներին»,-շեշտեց Լևոն Բարսեղյանը՝ Սերժ Սարգսյանի ելույթից առանձնացնելով այն հատվածը, երբ նա լրագրողներին կոչ էր անում պարզապես մոռանալ հունիսի 29-ին նրանց նկատմամբ տեղի ունեցած բռնությունները։ ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը տվեց հետևյալ գնահատականը. «Ոչ մեկը չանդրադարձավ այս իրավիճակի պատճառներին, առավել ևս՝ Սերժ Սարգսյանը։ Դա ուղղակի արագ արձագանքում էր, բայց ոչ խորքային։ Բոլորը եկան, լսեցին, ծափահարեցին ու գնացին, որևէ մեկը նույնիսկ հարց չտվեց կամ հարց տալու հնարավորություն ընձեռված չէր։ Սերժ Սարգսյանից շատ ենք լսել, որ փոփոխությունների ժամն է եկել, դա լսել ենք 2008թ-ին, 2013թ-ին և դեռ շարունակելու ենք լսել, դա բացառիկ բան չէր»։ Տիկին Խառատյանի համար անհասկանալի էր նաև, թե ինչ դասեր քաղելու մասին էր խոսում Սերժ Սարգսյան, այն դեպքում երբ այս ամենով հանդերձ  Հայաստանը կիսաավտորիտար ռեժիմի երկրից  անցում է կատարում դեպի ավտորիտար ռեժիմի։ «Մեր երկրում իսպառ վերջակետ է դրվում քննարկումներին, իսկ սրանք շատ վատ դասեր են»,-եզրափակեց նա։