«Սասնա ծռերի» անդամը ցավազրկողների միջոցով է մասնակցում դատական նիստերին (տեսանյութ)
Հանրային պաշտպանի գրասենյակի իրավապաշտպան Արմինե Ֆանյանը ստանձնել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի պաշտպանությունը հենց նրա իսկ խնդրանքով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբանն ասաց, որ երեկ դատարանը արդեն որոշում է կայացրել Բիլյանին կալանավորելու: Նրան մեղադրանք է առաջադրվել պատանդ առնելու եւ զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու հոդվածներով, սակայն վերջինս իրենց մեղավոր չի ճանաչում: «Արմեն Բիլյանն օգտվում է լռելու իր բացարձակ իրավունքից»,-ասաց Ֆանյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերին անպայման բողոքարկելու են կալանքի որոշումը: Ինչ վերաբերվում է առաջադրված հոդվածների խրախուսական կողմերին՝ այն է, երբ անձը ինքնակամ դադարեցնում է քրեորեն պատժելի արարքը, ապա ամբողջությամբ ազատվում է հանցանքը կրելու պատասխանատվությունից, փաստաբանը հավելեց, որ դա այն դեպքում է կիրառվում, եթե այլ հանցակազմ չկա. «Ես դատարանում էլ ասացի, որ զենքերը վայր դնելուց առաջ ԱԱԾ-ն իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ եթե տղաները հանձնվեն ինքնակամ, ապա կազատվեն պատժից, մինչդեռ մենք տեսնում ենք, որ հակառակն է տեղի ունենում»: Արմինե Ֆանյանը հավելեց, որ իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, սակայն դեռեւ չի հոսպիտալացվել. «Կրակոցների ժամանակ վայր է ընկել եւ կարծես թե ողնաշարի վնասվածք ունի, դժվարություններով է տեղաշարժվում: Ցավազրկողների միջոցով ապահովում են նրա մասնակցությունը դատական նիստերին»: Լուսանկարում՝ ձախից առաջինն Արմեն Բիլյանն է