«Մեղադրանքները գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները» (տեսանյութ)
Հուլիսի 29-30-ին Սարի թաղում կալանավորված Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Կարո Եղնուկյանի, Արմեն Մարտիրոսյանի պաշտպաններն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին՝ իրենց պաշտպանյալները քաղբանտարկյալներ են: Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի խոսքերով՝ հանդիպմանը ներկա փաստաբաններին միավորում է իրենց պաշտպանյալներին արհեստական, անհիմն, անհեթեթ մեղադրանքների առաջադրումը. «Սահմանափակել են նրանց իրավունքները, առանձնացրել են նրանց գործերը, իսկ մեղադրանքները գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները»: Ըստ նրա՝ միջազգային կազմակերպությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ, միջամտել, որ այսպիսի անօրինական գործողությունները կանխվեն, պետք է չհապաղեն: Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն իր հերթին ընդգծեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ ապօրինի մեղադրանք է առաջադրվել՝զանգվածային անկարգությունների կազմակերպում. «Կան տեսանյութեր, որտեղ ակնհայտ է, որ ոստիկաններն են հարձակվել, իսկ Արմեն Մարտիրոսյանը բանակցում է ոստիկանների հետ, որ բախումներ չլինեն: Այս ամենի նպատակն է, որ հանրահավանքները դադարեցվեն: Արմեն Մարտիրոսյանի ու Անդրիաս Ղուկասյանի կազմակերպած բոլոր հավաքները խաղաղ են եղել, սակայն ոստիկանների կողմից սադրիչներ են ներդրվել, որ բախումներ լինեն: Այդպիսով ցանկանում են ցույց տալ հասարակությանը, թե գործ ունենք ոչ թե քաղաքացիների հետ, որոնք իրենց իրավունքերն են պաշտպանում, այլ հանցագործների»: Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանի համոզմամբ՝ եվրոպական դատարաններում էլի գործեր կունենանք. «Քրեական գործ հարուցողները նույն անձինք են, նույն մարտի մեկի անձինք, նույն սկզբունքներով, մեղադրանքները՝ անորոշ ձեւակերպումներով: Էնքան որ գրում են, արտագրում են, հետո կհիմնավորեն էլի: Մեր երկրում նույն քարացած մեթոդներն են, նույն արհամարհանքն է միջազգային կարծիքի վրա»: Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ հոկտեմբերին Հովսեփ Խուրշուդյանը պետք է մասնակցի միջազգային մի ֆորումի, որի կազմակերպիչն է նաեւ եւ ներկայացնելու է ՀՀ-ն. «Հովսեփ Խուրշուդյանն իր քաղաքական հայացքների համար է պատժվում, որի համար էլ արժանացել է քաղաքական հալածանքների»: Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը պատմեց, թե ինչպես է իր պաշտպանյալը հիվանդանոցում վատացել, սակայն իրավապահ մարմինները ծնողներին խաբում են, թե տանում են վերակենդանացման բաժանմունք, սակայն ձերբակալում, տանում են. «Նրան մեղադրում են, թե Դավիթ Սանասարյանը չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին: Այդ մեղադրանքով թեթեւ պատասխանատվություն է սահմանված, սակայն կասկածանքի հիման վրա ձերբակալում են, իսկ ժամկետի լրանալու ժամանակ նրան նոր մեղադրանք է առաջադրվում, թե նա զանգվածային անկարգություններ է կազմակերպել: Հռչակագրային մեջբերումներ է մեղադրանքի մեջ, միայն ենթադրություններ են, թե ինչ կարող էր անել Դավիթ Սանասարյանը: Մեղադրանքի հիմքում միայն ոստիկանների ցուցմունքներն են. չկա որեւէ փաստ, տեսանյութ, այն դեպքում, երբ համացանցը ողողված է դրանցով: Դավիթ Սանասարյանի առողջական վիճակը լուրջ վտանգված է՝ երիկամների խնդիր ունի: Ունենք մի իրավիճակ, երբ իրավական գնահատականները կապ չունեն ու կա քաղաքական ենթատեքստ. իրավաբանությունը հետին պլան է մնացել»: