Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողները՝ Սերժ Սարգսյանին. Մոռանալ անհնար է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
virav

«Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանն ամենայն մանրամասնությամբ է հիշում, թե ինչպես ոստիկանները Սարի թաղում հարձակվեցին իր վրա. «Մոռանալու մասին խոսք գնալ չի կարող ոչ մի կերպ»: Լրագրողը հիշում է ոստիկանների գազանությունները, օրենքի այդ ներկայացուցիչները հենց լրագրողներին էին թիրախավորել: Ռոբերտ Անանյանը տեղի ունեցածը չի մոռանա նույնիսկ այն դեպքում, եթե պատժվեն բոլոր մեղավորները . «Ես չեմ հիշում, թե քանի պայթուցիկ է պայթել մեր շուրջը, բայց կարողանում եմ հաշվել, թե քանի վնասվածք է առաջացել դրանից եւ մեր օպերատորը քանի անգամ է գոռացել էդ պայթյունների ձայներից»։ Ռոբերտ Անանյանը չի հավատում, որ ապագայում նման դեպքերը չեն կրկնվի, ինչպես հավատացնում է Սերժ Սարգսյանը. «Ինքը շատ բան է ասել այն մասին, որ մենք ունենալու ենք իրավական պետություն, ունենալու ենք զարգացած տնտեսություն, ունենալու ենք երկիր, որտեղից դադարելու է արտագաղթը։ Ունենալու ենք պետություն, որտեղ ամեն երկրորդն աղքատ չի լինելու, սակայն տեղի է ունեցել ճիշտ հակառակը»: Լրագրողի հետ է նաեւ իր արյունոտ տաբատը, որը քիչ հետո քննիչները կվերցնեն որպես իրեղեն ապացույց: Բայց հիշողությունը տաբատի բացակայությունից չի խամրի ։ Քննիչից հենց նոր ազատված Lragir.am կայքի օպերատոր Մարութ Վանյանը միայն մի փոքրիկ դետալ չի հիշում՝ ինչ եղավ իր տեսախցիկը, երբ իրեն ծեծում էին. «Չեմ հիշում՝ ջարդվել ա, թե ըտենց էլ մնացել ա իրենց մոտ»: Lragir.am –ի օպերատորին ոստիկաններին մերձ անհայտ անձինք ուղղակի ոտքերի տակ են գցել: Չի օգնել նույնիսկ լրատվական կայքի աշխատակցի վկայականը, այսպիսի բաները չես մոռանա. «Հիշում եմ, որ ոստիկանական շարքերի հետեւից քաղաքացիական հագուստով թեւ թիկունքով տղերք էին… Քցել են գետնին, փետով հարվածներ ա եղել, մի կերպ ռյուգզակով պահել եմ՝ երեսիս եւ կրծքավանդակիս մասերը»: Ամենալավը, սակայն, օպերատորը հիշում է ոտքին հասցված հարվածը՝ հարվածից այնպիսի ձայն եկավ, որ թվաց, թե ոտքը ջարդվեց. «Ասեցի, թե՝ դե սկորի կանչեք, ոտքս ջարդել եմ»: Երբեք չի մոռանա, որ Շտապօգնություն կանչելու փոխարեն իրեն երկու հոգի ուղղակի բռնության վայրից մի քիչ հեռու շպրտեցին եւ կանգնեցին մոտը, որպեսզի ոչ ոք չմոտենա: Շտապօգնություն կանչել է ինքը: Հիշում է ու ընդունում ցանկացած ներողություն . «Ցանկացած ներողություն էլ պետք ա ընդունել»: Ի դեպ, օպերատորին այցելեց նաեւ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Նա երկար չդիմացավ այն տեսարանին, որ կար այս հիվանդասենյակում: Մարութի հարեւան անկողնուն պառկածի երկու ոտքերը այրվածքներից եւ բեկորներից դեռ երկար ժամանակ բնական տեսքի չեն գա: