ՀՀ ժուռնալիստների միությունը՝ լրագրողական բռնությունների մասին
Հայաստանի ժուռնալիստների միությունը անդրադարձել է Սարի թաղում և Խորենացի փողոցում միջադեպերին, որոնց ժամանակ խոչընդոտել են լրագրողների աշխատանքը: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ: «Անկախության հռչակման 25 տարիների ընթացքում խոսքի, մամուլի ազատության պայմաններում աշխատելու անվիճելի ձեռքբերումը, դժբախտաբար, հաճախ մթագնվել է որոշ քաղաքական ուժերի, իրավական համակարգի պատեհապաշտ ներկայացուցիչների անկիրթ, քաղաքակրթության հետ ոչ մի կապ չունեցող վայրագ պահվածքով: 2016թ. հուլիսի 29-ի երեկոյան Սարի թաղում և Խորենացի փողոցում բռնի ուժ կիրառելով` ոստիկանները խոչընդոտեցին լրագրողների մասնագիտական գործունեությունը: Կրկին իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին լրագրողական կազմակերպությունները: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս իրավական մարմինները ջանքեր են թափում հետաքննելու և ժուռնալիստական գործիքները վերականգնելու համար: Մենք գտնում ենք, որ սրանք սոսկ միջոցառումներ են ու չեն կանխի ժուռնալիստների նկատմամբ վաղվա բռնարարքները: Քանի դեռ բիրտ ուժի նկատմամբ չեն կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասը, 164-րդ հոդվածի 2-րդ մասը, 185-րդ հոդվածի 1-ին մասը, և հասարակությունը չի տեղեկացվել կիրառման արդյունքների մասին, լրագրողական հանրությունը թերահավատությամբ կվերաբերվի իր ազատության իրավունքն ու պարտականությունները ապահովողներին ու պաշտպանողներին: Հիշեցնենք, որ լրագրողական ազատության միջամտության և խախտման ցանկացած դեպք ինքնին բարձրացնում է հանրային իրավահարաբերությունների հարցը: Հասարակությունը սպասում է կոնկրետ արդյունքների ու երաշխիքների»,-ասված է հայտարարության մեջ: