«Ոստիկաններն այդ ագրեսիայով 10 րոպեում հետ կբերեն 800 հեկտարը» (տեսանյութ)
Պատմության մեջ դեռ չի եղել նման բան, որ ժողովուրդը այսքան ատի իշխանությանը. կարծում է գուսան Հայկազունը, նա վերջին օրերի իրադարձությունները որակում է սարսափելի. «Իսկ ոստիկանները կարծես հատուկ դաժանության դասեր անցած լինեն: Կարծես իրենք մայր ու երեխա չունեն»: Գուսանի կարծիքով՝ այսօր մեր հանրապետությունը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում. «Դեղերը էլ չեն օգնի, շտապ վիրահատություն է պետք: Մեզ էսքան ոստիկան պետք չի, մի տասնհինգ հազարին, որ հանեն եւ ուղարկեն պայմանագրային զինծառայող, այդ նույն եռանդով ու ագրեսիայով նրանք 10 րոպեում հետ կբերեն 800 հա-ը»: Բնապահպան Սիլվա Ադամյանը մի բան է հորդորում իշխանություններն՝ եթե չեն կարող պահել երկիրը, թող հրաժարվեն. «Կատարվածն իհարկե սարսափելի բան է, Թալեաթ են այն մարդիկ, որոնք ձեռք են բարձրացրել իրենց ազգաբնակչության վրա, սա խայտառակություն էր, ամբողջ ազգով խայտառակ եղանք, մեր կառավարությունը խայտառակ եղավ, որովհետեւ իրենք ջայլամի նման խցկեցին իրենց գլուխները անկյուններում ու չկան մինչեւ հիմա»: Սիլվա Ադամյանը կոչ է անում բոլոր միջազգային կառույցներին այլեւս չֆինանսավորել ՀՀ ոստիկանությանը. «Ոստիկանությունը գումարներ է ստանում ահավոր շատ՝ վերազինման համար, իսկ մեր զինվորները կռվում են առանց նորմալ զենքի: Իսկ ոստիկանությունը կոչված է մեր երկրում պահպանել, ոչ թե ժողովրդին, այլ իշխանությանը»: