«Տղաներն արեցին այն, ինչ կուզենային անել մեզանից շատերը». գրականագետ (տեսանյութ)
««Սասնա ծռերի» արարքը իշխանություն զավթելու նպատակ չէր կամ սեփական քմահաճույքները բավարարելու, այլ պայմանավորված է երկրում տիրող իրավիճակով, որն ավելի սարսափելի է, քան տղաների արարքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Նրա խոսքով՝ «Սասնա ծռերն» արել են այն, ինչ կանեին մեզանից շատերը, եթե ունենային խիզախություն եւ կամք. «Նրանց արարքը մեր քաղաքացիների մի մասի ներքին ցանկությունների, մղումների նյութականացված տեսքն է: Ինչ Սերժ Սարգսյանը նախագահում է, մեր երկրում խնդիրները լուծելու քաղաքական, դեմոկրատական մոտեցումները չեն անցել, որովհետեւ ստեղծված է մի այնպիսի հանցավոր համակարգ, որը թույլ չի տալիս, օրինակ, ընտրությունների միջոցով գնալ փոփոխությունների եւ այլն: Միակ տարբերակը մնում էր այն, ինչ արել են տղաները: Գուցե միջոցները ոմանք դատապարտում են, բայց ընդհանրության մեջ նրանք արել են այն, ինչ կուզեինք անել ինքներս»: Գրականագետը նշում է, թե ողջամիտ լինելու կոչեր պետք է անել ոչ թե ՊՊԾ գունդը գրավածներին, այլ միայն իշխանությանը. «Եթե կար մի խումբ, որը սրում էր իրավիճակը, դա հենց իշխանությունն էր՝ ոստիկանությունը, որն իր քայլերով, ասես, բոլորին հասկացնում էր, սթափեցնում, թե ինչ երկրում ենք ապրում»,-նշեց նա: Արքմենիկ Նիկողոսյանը չի կարծում, թե այս ամենը խաղաղ հանգուցալուծում կունենա. «Իշխանությունը բոլոր չափերն անցել է»: