Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՆՊԱՍՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

Տնտեսություն

«Տարածաշրջանի երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը, հաղորդակցության ուղիների զարգացումը կհանգեցնեն վստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչն էլ կնպատի տարածաշրջանում առկա հիմնախնդիրների լուծմանը»,- այսօր Երեւանում նշեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, բացելով Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 27-րդ լիագումար նստաշրջանը:

Նստաշրջանի աշխատանքներին մասնակցում են ՍԾՏՀ անդամ 11 պետությունների օրենսդիր մարմինների պատվիրակությունները (բացի Սերբիայի եւ Չեռնոգորիայի պատվիրակներից), նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տիգրան Թորոսյանը նկատեց, որ վեհաժողովում Հայաստանի նախագահության վեցամսյա ժամանակահատվածում տնտեսական համագործակցության խթանման քայլեր են կատարվել, ուժեղացվել է կառույցի իրավական հիմքը, կազմակերպության տարբեր հանձնաժողովներ նիստեր են գումարել` քննարկելով տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին, երկրների միջեւ երկխոսության խորացման կոնկրետ քայլերի մշակմանը վերաբերող հարցեր:

Տիգրան Թորոսյանի գնահատմամբ, ՍԾՏՀ ԽՎ-ն ներկայացնում է ողջ տարածաշրջանի եւ բոլոր երկրների շահերը, եւ լավ հող է տնտեսական կապերի ամրապնդման համար: Այս կազմակերպության շրջանակներում համատեղ տնտեսական ծրագրերի իրագործմամբ հնարավոր կլինի նոր ներդրումներ, տեխնոլոգիաներ ներգրավել տարածաշրջանում:

Նիստը ողջունող ուղերձ էր հղել Ռոբերտ Քոչարյանը եւ ՌԴ արտգործնախարար, ՍԾՏՀ գործող նախագահ Սերգեյ Լավրովը, որի խոսքերը փոխանցեց ՀՀ-ում ՌԴ դեսպանը. «Ռուսաստանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները` գործընկերների էներգամատակարարման, էներգետիկ անվտանգության ապահովման գործում: Էներգաանվտանգության լիակատար ապահովում հնարավոր է համագործակցության եւ ջանքերի համատեղման միջոցով: Համաշխարհային տնտեսության զարգացման համար կարեւորագույն երաշխիք է կործանարար մրցակցության վերացումը»,- ասել է Լավրովը:

Ի դեպ, Ադրբեջանի Միլլի մեջլիսի ներկայացուցիչները նիստի ավարտին ստանձնելու են վեհաժողովի նախագահությունը հաջորդ վեց ամիսների համար, եւ ՍԾՏՀ ԽՎ հաջորդ լիագումար նիստը տեղի կունենա Ադրբեջանում: Իսկ Հայաստանը ՍԾՏՀ ԽՎ-ում նախագահությունը ստանձնել էր նախորդ տարի Տիրանայում կայացած 26-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում:

Նկատենք, որ պետական պահպանության ծառայությունը ադրբեջանցի եւ թուրք պատվիրակների համար հատուկ թիկնազոր է տրամադրել, թեեւ հյուրերն իրենց շատ անվտանգ են զգում եւ այդ մասին լրագրողներին տեղեկացրին:

Վաղը ՍԾՏՀ ԽՎ-ն կշարունակի աշխատանքը: