ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻՑ ԳՈՀ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօրվանից ՀՀ ԱԺ հանձնաժողովներում սկսվել է 2005 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումը: Առաջին քննարկմանը ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Նա բնականաբար գոհ էր 2005-ի բյուջեի կատարման աստիճանից: «Կային կետեր, որոնց ուղղությամբ ծախսերը լրիվ չենք կատարել: Բայց դա նրանից չէ, որ ծրագրերը չենք իրագործել: Պետական գնումների գործակալության միջոցով իրականացվող գնումները թույլ են տալիս ծախսերը նվազեցնել: Մի քանի ծրագրեր չիրականացվեցին: Դրանք հիմնականում վարկային ծրագրերով կատարվող ծրագրեր են, մասնավորաբար առողջապահության ոլորտում: Դրանք տեղափոխվել են 2006 թվական»,- տեղեկացրեց Անդրանիկ Մարգարյանը:
Պատասխանելով այն հարցին, թե նա հավանական համարո՞ւմ է, որ բյուջեի կատարողականի հետ կապված կառավարությանը անվստահություն հայտնվի, Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց. «Բայց պետք է հիմք լինի դրա համար: Նույնիսկ քաղաքական նպատակների դեպքում պետք է հիմք ունենան: Բյուջեի ո՞ր կետի կատարման կամ չկատարման հետ են կապում: Քաղաքական պահանջը միայն ցանկություններով չէ: Պետք է բազա ունենաս, որ հաջողությունների հասնես»,- ասել է վարչապետը:
Ինչ վերաբերում է բյուջեի կատարողականին, ապա ՀՀ կառավարության տրամադրած տվյալների համաձայն, բյուջեի եկամուտներն ու պաշտոնական տրասֆերտները կատարվել են 99.9 տոկոսով, ծախսերը` 97.1 տոկոսով:
Ամենափոքր ցուցանիշը գրանցվել է ներքին պարտքի դիմաց տոկոսավճարների գծով` 70.2 տոկոս: Լավագույն ցուցանիշը արտաքին վարկավորման կատարողականն է` 112.1 տոկոս: Իսկ ահա ներքին վարկավորման ցուցանիշը բացասական է` -10.7 տոկոս: Հիմնարկ-ձեռնարկությունների արտաբյուջետային եկամուտների կատարողականի մասով, նախատեսված 1.8 միլիարդ դրամի փոխարեն հավաքվել է 1.3 միլիարդ դրամ` 74 տոկոսը եւ ծախսվել է 1.06 միլիարդ դրամ` նախատեսված 1.65 միլիարդի 64.3 տոկոսը:
ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2005-ի համար նախատեսված ՀԲ-ից աղքատության կրճատմանն ուղղված վարկի հերթական մասնաբաժինը`10 միլիոն դոլարը չի ստացվել: Բայց վստահեցնում է, որ այն կստացվի 2006 թվականին, սակայն ուշացումը ստիպել է կառավարությանը պետական բյուջեի 42.8 միլիարդ դրամ դեֆիցիտը ֆինանսավորել ներքին աղբյուրներով. «Ուշացած վարկը փոխհատուցվել է գանձապետական միասնական հաշվին ակռա մնացորդներից: Այդ պատճառով, այստեղ նախատեսված 17.4 միլիարդ դրամի փոխարեն օգտագործվել է 23.2 միլիարդ դրամ»:
Բյուջեի կատարողական հաշտվետվությունները շարունակվում են: