ԹՈՒՅԼ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻՆ ՕԳՆՈՂ ՀԻՄՆԱԴՐԱՄ Է ԲԱՑՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԱյն գործարարները, ովքեր բանկից վարկ են փորձում վերցնել, սակայն բավարար գույք կամ միջոցներ չունեն՝ գրավ դնելու, այսուհետ կարող են դիմել «ՓՄՁ զարգացման ազգային հիմնադրամ»: Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը, հիմնադրամի տվյալներով, նախորդ տարի մեր երկրի համախառն ներքին արդյունքի 40%-ն է կազմել:
Հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ, մարզերում ունի տարածքային գրասենյակներ: Այսօր շուքով բացվեց նաեւ կենտրոնի գլխավոր գրասենյակը, որը գտնվում է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հարեւանությամբ:
Հիմնադրամը համագործակցության պայմանագրեր ունի «ԱԳԲԱ», «Անելիք» եւ «Արդշինինվեստբանկի» հետ, այսօր չորրորդ՝ «Յունիբանկի» հետ ստորագրեց հերթական պայմանագիրը: Եթե գործարարն ունի առնվազն 5 աշխատող, գործում է արդյունաբերության, շինարարության, գիտության ու տրանսպորտի ոլորտներում, կարող է վարկ տրամադրելու խնդրանքով դիմել այդ բանկերից մեկին: «ՓՄՁ հիմնադրամի» մասնագետները կուսումնասիրեն վարկառուի հնարավորությունները եւ եթե հարմար գտնեն՝ բանկին կերաշխավորեն ընկերության վերցրած գումարի մինչեւ 70%-ի վերադարձը:
ՓՄՁ-ն աջակցում է հիմնականում մարզերում գործող ընկերություններին: Արդեն Լոռիում 12 կազմակերպություն այդ հիմնադրամի երաշխավորմամբ վարկ է ստացել, Տավուշում եւ Շիրակում ստացել է 10-ական ընկերություն, Սյունիքում՝ 8, Կոտայքում, Արագածոտնում եւ Գեղարքունիքում 4-ական ընկերություն է ստացել, եւ ընդամենը 1-ական ընկերություն՝ Արարատում եւ Վայոց Ձորում: Հիմնադրամն իր գործունեության միայն 23%-ն է Երեւանում ծավալում: