Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեզ պետք են գրանտների վարպետներ. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
vahram

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Ընտրական օրենսգրքի առաջին ընթերցմամբ քննարկմանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ մի փոքր անակնկալի է եկել օրենսգրքի շուրջ այս աժիոտաժից. «Մտածում էի, որ մանրակրկիտ քննարկումներից հետո կլինեն կարճ ելույթներ, քանի որ տվել են իրենց համաձայնությունը, սակայն եղավ 27 հարց, ելույթներ ու խոսում էին ամեն ինչից, բացի բուն թեմայից: Հարգելի արմատականներ, ծայրահեղականներ ու թվացյալ ընդդիմադիրներ, վերջ տվեք ձեր պայքարին, թե ով է ավելի ընդդիմադիր: Այստեղ գնում է մի պայքար, որ սկսել են իրար մրոտել, թե իրենք են իսկական ընդդիմադիրը: Այս ԸՕ շուրջ դադարեցրեք այդ պայքարը. ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ  է քաղաքական կամք թե իշխանությունների, թե ընդդիմության կողմից»: Ըստ նրա՝ այստեղ փորձ է կատարվում՝ ամեն դրական վերագրել ընդդիմությանն ու փնովեն կառավարությանը. «Այս քննարկումները պետք է շարունակվեն 2017թ., ու ողջամիտ առաջարկությունների դեպքում դրանք կներառվեն ԸՕ մեջ՝ ավելի կատարելագործելու համար: Ինչ վերաբերում է համաձայնագրով նախատեսած գումարի հայթայթմանը, ապա դրանք կարող ենք համատեղ ուժերով ձեռք բերել. մեր պատգամավորների մեջ էլ կան շատ մեծ վարպետներ գրանտների, որ դրա ձեւերը գիտեն, թե ինչպես բանակցությունները տանել: Իրենք էլ մեզ պետք են»: Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց ընդդիմադիր գործիչներին, որոնք իրենց ստորագրությունը դրել են համաձայնագրի տակ, լավ բան անելուց չամաչել. «Հանրությունը կգնահատի ձեզ: Նորից գալիս եք այստեղ ընդդիմադիր ելույթներ եք ունենում, մինչդեռ ձեր կատարած աշխատանքով պետք է ֆիքսեք, ոչ թե հայհոյելով: Սա արտառոց երեւույթ է, որ ՀԱԿ-ը առաջարկել է, մենք համաձայնվել ենք: Կոնսենսուս բառից խորհուրդ եմ տալիս հրաժարվել: Այն քաղաքական ուժերը, որոնք չեն ստորագրել այս համաձայնագիրը, դա քաղաքական կարճատեսության արդյունք է: Այստեղ խոսվեց կին-տղամարդ երեւույթի մասին՝ ես չեմ ուզում արձագանքել նմաններին, ուղղակի ասեմ՝ Աստված ստեղծել  է կնոջն ու տղամարդուն, ու մինչեւ որեւէ մասնագիտություն ունենալը, տղամարդը պետք է իր տղամարդկությունը պահպանի, կինն՝ իր կանացիությունը, եւ դրանից հետո լինի քաղաքական գործիչ կամ մեկ այլ մասնագետ: Այստեղ խնդրում եմ՝ բոլորս լինենք չափերի մեջ»: