ՀԱԿ-ը գտել է ԸՕ-ի համար պահանջվող գումարի մի մասը (տեսանյութ)
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Ընտրական օրենսգրքի առաջին ընթերցմամբ քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում կոչ արեց պատգամավորներից շատերին՝զարգացնել կրեատիվը, քանի որ շատերը փայլեցին իրենց եղած-չեղած տաղանդներով. «Նրանք ժամանակակից շոուբիզնեսից հետ չմնալու հայտեր են ներկայացնում: Վերջերս մի նոր թրենդ է նկատվում՝ քաղաքական գործիչները փորձում են իրենց դրսեւորել կատակերգության, պարոդիայի ժանրերում՝ հիմնականում ոգեշնչման աղբյուր գտնելով հումորի տեղական արտադրության «գլուխգործոցներից»՝ փորձելով մեջբերումներ անել ու համեմել հին սովետական ֆիլմերով: Գեղարվեստական բնագավառում ինքնադրսեւորում փնտրող բոլոր այս քաղաքական գործիչներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ, ինչը կարեւոր է այն ժամանակ, երբ քաղաքական դժվարին ասպարեզում այլեւս ձեռքբերումներ չկան»: Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ը բանակցություններ է վարել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ եւ, ըստ էության, 8,5 մլն եվրոյի հարցը լուծված է. «3 մլն եվրոն էլ տալու է Կառավարությունը, եւ արդյունքում պակասում է 4-5 մլն եվրոն: Պակասող գումարի հարցը, եթե կառավարությունը չի լուծում, ապա մենք հանգիստ կարող ենք եզրակացնել, որ կառավարությունը դրժում է 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնությունը»: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ որոշ քաղաքական ուժերի, որոնց նա անվանեց աղանդավորական սեկտաներ. «Նրանք աղճատում են, կամ փորձում են այլասերել քաղաքական դաշտը: Նրանք անում են ամեն ինչ, որ այս համաձայնությունը չկայանա, քանի որ նրանց բացարձակ պետք չեն ազատ, թափանցիկ ընտրությունները, նրանց սկզբունքն է՝ ինչքան վատ, այնքան լավ, նրանց ձեւակերպումն է՝ ամեն ինչ փլվի, միայն այս փլատակների տակ տեսնեն նաեւ իշխանության ոտքերը: Նրանց պետք է պատերազմ, անուններ չեմ հնչեցնում, սակայն կան քաղաքական ուժեր, որոնք պետք է, որ շփման գծում լայնամասշտաբ գործողություներ սկսվեն, որ դրանից խարխլվի մեր երկրի կայունությունը, որ իրենք իրենց աղանդավորական սեկտայում իրենց լավ զգան»: Տիկին Զոհրաբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքական ուժերին, եւ հատկապես ՀԱԿ-ին. «Պիտի լինենք անկեղծ, որ ՀԱԿ-ի համառ ջանքերի շնորհիվ եղավ, որ իշխանությունները, որոնք ոչ մի զիջման չէին գնում, եկան համաձայնության: Վա՞տ է, որ 4 սկզբունքային հարցերի շուրջ կայուն մեխանիզմներ ձեւավորեցինք: Մինչդեռ սեկտանտ քաղաքական ուժերը կսկսեն հրապարակներում ընտրակեղծումներից խոսել, հետո՝ հայ-հարայ դեսպանատներ դիմել, թե եկեք, տեսեք՝ ոնց ենք այս իշխանություններին քշում: Եթե դեմ ենք այս համաձայնագրին, մյուս ճանապարհը արյունահեղությունն է, որին մենք դեմ ենք: Նրանք, որոնք դեմ են այս դժվարությամբ ձեռք բերված համաձայնությանը, ուրեմն այդ քաղաքական ուժերի կոդերը, սեկտաների մեսիջները նորմալ ընտրությունները չեն, այլ՝ ինչքան վատ, այնքան լավ կարգախոսի իրականացումը: Բոլոր այն ուժերը, որոնք սեկտա չեն, բոլորս միասին նրանց պետք է կանխենք: Այո, սեկտայի բնազդով չպետք է առաջնորդվել, այլ քաղաքական մոտեցումներով: ԲՀԿ-ն կողմ է ու տեր է կանգնում համաձայնագրի տակ դրած իր ստորագրությանը»: