Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանիկների գրպանները թափ տաք, ԸՕ-ն կկարողանանք իրականություն դարձնել» (տեսանյութ)

Քաղաքականություն
հեղինե-Բիշարյան

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Ընտրական օրենսգրքի առաջին ընթերցմամբ քննարկմանը ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը որոշեց արձագանքել մինչ այս պահը ելույթ ունեցած պատգամավորների դիտարկումներին՝ հայտարարելով՝ այն տպավորությունն է ստացել, որ իրար համար անբանակցելի են իշխանությունն ու ընդդիմությունը եւ իրար հետ որեւէ բան խոսելու անընդունակ են. «Երեկ ձեռք բերված պայմանավորվածությունն այսօր էլ չի աշխատում: Իրականում դա  իսկապես տարօրինակ է: Փորձեք մի օր կողքից ձեզ նայել՝ նախագծի բովանդակային կողմից սկսելու փոխարեն, զրոյականից են սկսում քննարկումը: Այս ամենի մասին մազոխիզմը մի փոքր համեստ էր ասված: Կողքից տպավորություն է, որ չենք ուզում որեւէ հարց լուծած լինենք, ոչ մի բանում առաջ չգնալու ցանկություն չկա»: Ընդդիմության նման կեցվածքը նա պայմանավորեց նախընտրական գործընթացներով. «Հասկանում եմ, որ նախընտրական գործընթացը դաժան ձեւով ընթանում է, սակայն ձեր ստորագրությանը տեր կանգնեք, որ դրել եք 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնության տակ: Ձեր 5 հարցից 4-ի վերաբերյալ բացարձակ համաձայնության ենք հասել: Ռեյտինգային հարցը չի լուծվելու ու դա շատերի համար մահացու է ու դրա համար ընթանում է այս պատերազմը: Եկեք, մեր հասարակության համար տարօրինակ չլինենք, այլ մի փոքր հասկանալի լինենք»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ելույթն աչքի ընկավ զգացմունքայնությամբ: Նա իր խոսքը հիմնականում ուղղեց ընդդիմադիր այն գործիչներին, որոնք իրենց ելույթներում քննադատել էին 4+4+4 ձեւաչափով ձեռք բերած համաձայնագիրը. «Ինչպես ասում են՝ ոչ պապ եք սպանել, ոչ տերտեր: Ի՞նչ է  ստացվել, որ այստեղ նստած որոշ ճղճաններ, որ ընդդիմություն են իրենց հռչակում, որ չգիտես ինչ՝ ճանապարհ են անցնել ու հարձակվում են ընդդիմության վրա, թե վայ ստորագրել եք 4+4+4 ձեւաչափով ձեռք բերած համաձայնագիրը: Ընկերներ, որպես ավանդական, 20 տարվա քաղաքական ուժի ներկայացուցիչ պետք է ասեմ, որ սխալ ճանապարհ եք ընտրել: Ինչո՞ւ եք պառակտված, ինչո՞ւ միավորված չեք աշխատում»: Նա հայտարարեց, որ «Հայկական վերածնունդ»-ը թալանած փողերով կաշառք չի բաժանելու, դրա համար ամեն դետալի փոփոխությունը իրենց հետաքրքրում է. «Ու հիմա դատափետվում ենք մարդկանց կողմից, որոնք քաղաքական ոչ ճանապարհ են անցել, ոչ էլ, վստահ եմ, ԸՕ-ն կարդացել են: Ժողովուրդը վաղուց արդեն պատկերացում ունի, թե ովքեր են ձեւական դերակատարում ունեցող ու ընդդիմադիր դրոշակներով առաջ գնացողները. վաղը մյուս օրը ժամանակը ցույց կտա այդ ամենը: Հարգելիներս, պայքարենք իշխանության դեմ, որը իր տեսակետը չանցկացնի, այլ լինի ընդդիմադիր ուժերի տեսակետը, մինչդեռ ընդդիմադիրը ուժերը մեկը մյուսի հետեւից վեր են կենում ու ինչ ասես, ասում են: Եթե քաղաքական դաշտում չգիտեք աշխատել, ինչո՞ւ եք եկել, իա»: Ըստ Հեղինե Բիշարյանի՝ եղան այնպիսի ելույթներ, որ կարծես՝ մի բաժակ ջրում հեղաշրջում անեն. «Նման ելույթներ են ունենում մարդիկ, որոնք մի ժամ էլ այստեղ չեն նստում ու գալիս են այն մարդկանց աշխատանքն են ջուրը գցում, որ ամբողջ օրը քրտնաջան աշխատում են: Այստեղ խոսեցին էլ Հռոմի պապի, էլ ֆուտբոլի, էլ ջրհեղեղի, ամեն ինչ մասին, բացի կոնկրետ թեմայից: Մենք կողմ ենք այս նախագծին: Եթե շարքերում նստած միլիոնատերերի ու իշխանիկների գրպանները մի քիչ թափ տաք, ԸՕ-ն կկարողանք իրականություն դարձնել»: