Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը հայրենիքի ժողովրդավարության համար գումար կտա՞ (տեսանյութ)

Քաղաքականություն
levon-2

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր նոր Ընտրական օրենսգրքի առաջին ընթերցմամբ քննարկմանը ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը մինչ բուն թեմային անդրադառնալը, նախ երկար խոսեց Հռոմի պապի այցի կարեւորության մասին, ապա՝ Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու մասին. «Հռոմի պապի այցի համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք Վատիկանի մեր դեսպան Միքայել Մինասյանին, ինչպես նաեւ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ին, որ որոշում կայացրեց ու այցելեց ՀՀ ու խոսեց նաեւ Ցեղասպանության մասին: Իսկ Մեծ Բրիտանիայի հանրաքվեն մի տեսակ աչքաթող արվեց մեր հասարակա-քաղաքական համակարգի կողմից: Կարծես թե առանձնապես այն կապ չունի մեզ հետ, սակայն այն անմիջական կապ ունի ժողովուրդների ինքնորոշման իրավունքների իրացման առումով»: Իսկ ԸՕ վերաբերյալ քննարկումներից նա տարօրինակ տպավորություն է  ստացել. «Բան էլ չէր մնացել քննարկելու՝ ընդդիմության բոլոր խնդրանքներն ու պահանջները արդեն իսկ ընդունվել են, արդեն պիտի այստեղ ջան ասեինք, ջան լսեինք, սակայն պարզվեց դեռ դժգոհություններ կան: Այստեղ թող կոպիտ չհնչի, սակայն մազոխիզմի հոտ է գալիս, իշխանությունն էլ սադիստական վերաբերմունք է ցուցաբերում: Բոլորն էլ հասկանում են, որ խնդիրը ԸՕ տեքստի մեջ չէ: Բոլորս էլ ընդունում ենք, որ ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահությունը չի ավելանալու՝ անկախ նրանից, թե ինչ է գրված: Վստահությունը բարձրանալու է մեկ դեպքում, երբ իշխանության կգա ընդդիմադիր մի ուժ: Դա տեղի կունենա մի դեպքում, երբ ընդդիմությունը ունենա հավասար կամ ավելի ռեսուրսներ, քան իշխանությունը: Եթե ընդդիմությունը հիմա չունի այդքան ռեսուրս, իշխանությունը մեղավոր չէ: ԸՕ-ում աստվածաշնչային ճշմարտություններ էլ եթե գրենք, միեւնույն է՝ ոչինչ չի փոխվելու: Էտ տեսախցիկները, որ ասում եք տեղադրենք ընտրատեղամասերում, քիչ է մնում դրանք տեղադրեք նաեւ հանձնաժողովի անդամների ներքնազգեստների մեջ. ամեն ինչ մարդկանց ուղեղներում է տեղի ունենում»: Նրա ելույթի ժամանակ դահլիճում երբեմն ռեպլիկներ էին հնչում, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը փորձում էր սաստել: Լեւոն Մարտիրոսյանը շարունակեց ելույթն՝ ասելով. «Այսպիսի կատարյալ օրենսգիրք որեւէ մի երկրում ես չեմ կարծում, որ կարող է լինել: Ինչ վերաբերում է այն գումարին, որ պետք է իրականացվեն ԸՕ նոր փոփոխությունները, ապա կարծում եմ՝ դա այնպիսի գումար չէ, որ խնդրո առարկա դառնա՝ 14-16 մլն դոլար: Թող սա հումոր չլինի, ես հենց նոր կարդում էի, որ մեր տաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար Մանչեսթեր Յունայթեդը 26 մլն ֆունտ ստերլինգ է առաջարկել է: Կարծում եմ՝ կարող ենք իր գործակալին դիմել ու մի կետ այնտեղ գրել, որ Հենրիխ Մխիթարյանի հայրենիքի ժողովրդավարության հետագա զարգացման համար մի որոշ գումար հատկացնեն»: