«Որ Բագրատյանը դառնար նախագահ, էս Սահմանադրությունը չէինք ունենա» (տեսանյութ)
«Որոշ պատգամավորների վերապահված է ֆունկցիա՝ փորձել տրամաբանված ասած բանը խանգարել, միջամտել: ԱԺ- ում պետք է կարգ լինի , ես հետևում եմ այդ կարգին և խոսում եմ քննարկվող թեմայից: Երբեք չի կարելի խոսել կամ որակավորել , թե մյուս պատգամավորը լավ ասեց, թե վատ ՝ բոլորը հավասար են: Ափսոսում եմ , որ նման բան է եղել , բայց չեմ փոշմանել : Ուրիշ ճար չունենք, ասեք ուրիշ ճար, այդ ուրիշ ճարն անենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե ինչ տարաձայնություններ կան իր և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի միջև՝ հաշվի առնելով նաև երեկ ԱԺ-ում իրենց միջև տեղի ունեցած վիճաբանությունը: Այս համատեքստում պարոն Բագրատյանը նաև հավելեց. «Այդտեղ կան մարդիկ, ովքեր իմ կարծիքով՝ նման առաջադրանքներ են ստանում: Ինձ համար անընդունելի է, թող ամեն մարդ խոսի իր անունից, առանց այդ էլ ընդդիմություն առանձնապես չկա, կա մի 8-10 կամ 15 հոգի իրական, ուրիշ ընդդիմություն չկա»: Մեր այն դիտարկմանը , թե այսօր օրերի ընթացքում Վարդան Այվազյանը որակումներ էր տալիս տարբեր պատգամավորների՝ խոսելով «քաղաքական բճության», «ջերմոցի վարունգ» լինելու մասին՝ պարոն Բագրատյանը ի պատասխան նշեց, որ ԱԺ-ն այն տեղն է, որտեղ բոլորը որակում պետք է տան միայն քննարկվող օրենքին և այլ ոչ թե միմյանց: «Հակառակ ուղղությամբ միմյանց որակում տալու մասով՝ ցանկացած մոտեցում կընդհատվի, կմիջամտվի ՝ կոպտորեն: Քննարկվում է օրենք, ես ի՞նչ իրավունք ունեմ վեր կենալ ու ասել, թե դուք լավ եք խոսում, թե վատ: Օրենքից խոսեք: Մենք մեզ չենք պաշտպանում, այլ ձեզ ենք պաշտպանում՝ փոքրամասնությանը, քաղաքացիական հասարակությանը, որ այդպես չի կարելի»,- ասաց նա: Անդրադառնալով հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հանդիպմանը , պատգամավորը առանձնացրեց իր մի քանի դիտարկումները կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ՝ առաջին հերթին նշելով, որ իր համար ընդունելի է եռակողմ կարգավորումը, միակողմ կարգավորումից ինքը բան չի հասկանում: «Եթե մեր նախագահը բանակցում է, ինքը լիազորվա՞ծ է խոսել տարածքների զիջումից, ինքն էր չէ՞, որ ապրիլին ասեց, թե Կազանի փաստաթղթով 5 շրջան պետք է տանք, և մենք համաձայնել ենք դրան, նա չէ՞ ասեց: Շատ մարդիկ և մենք էլ ասեցինք, ոնց թե , հո դա ձեր հողը չի , որ տալիս եք: Դրա համար էի ես ուզում, որ ճանաչենք Արցախը, հիմա բոլորը լացելու են, որ այս անգամ չճանաչեցին Արցախի անկախությունը, երբ որ ճանաչեին, այ կասեինք դե գնացեք իրենց հետ էլ բանակցեք: Մենք չենք կարող որոշել, թե որ տարածքը, որ գյուղը պետք է հանձնենք: Դա ղարաբաղյան հանրաքվեի հարցեր են»: Մեր դիտարկմանը, թե հայաստանյան իշխանությունները խոսում են տարածքների զիջման մասին, փոխարենը ակնկալելով Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցում, Հրանտ Բագրատյանն արձագանքեց այսպես. «Դա մեր որոշելու հարցը չէ: Դրա համար , եթե 2013թ-ին ձայների նախապատվությունը չտայիք Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին, խելացի վարվեիք ու Հրանտ Բագրատյանը դառնար նախագահ, նախ էս Սահմանադրությունը չէինք ունենա , իսկ երկրորդ ՝ ես անմիջապես կհրաժարվեի Ղարաբաղի բանակցություններից: Դա ԼՂՀ-ի բանակցելու հարց է , դա իմ գործը չի: Ես չեմ կարող գնալ պայմանավորվել, որ օրինակ ձեր տունը վարձակալությամբ տամ, դա ձեր տունն է, դուք որոշեք»: Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ Սանկտ –Պետերբուրգի հանդիպումից ընդհանուր առմամբ՝ ինքը որևէ ակնկալիք չունի: Վերջինս անդրադարձավ նաև Հարկային նոր օրենսգրքի խնդիրներին, գազի և էլեկտրաէներգիայի սակագներին, ինչպես նաև ՀՕՊ համաձայնագրին: Մանրամասները՝ տեսանյութում