Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Այվազյանն ուզում է հանգստացնել «ազվերին» խմածներին. ԱԺ-ում ձեռնամարտը կանխվեց (տեսանյութ)

Քաղաքականություն
azh-1

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությանը ԱԺ դահլիճում այսօր վեճ սկսվեց: Քվեարկությունից առաջ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը առաջարկեց հետաձգել որոշման նախագծի քվեարկությունը. «Այս փուլում արդարացած չէ, մենք Կողբը և Բերդավանը միացնում ենք, Մեղրու 15 համայնքներ միավորում ենք, երբ Մեղրու տարածաշրջանը ստրատեգիական նշանակություն ունի, ստեղծում ենք մեծ տարածքի վրա մեկ համայնք, ես դեմ եմ քվեարկելու»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե հարցը քննարկել են և ներկայացրել կոնկրետ Բերդի և Կողբի միացումը և Կառավարությունն ընդունել է իրենց առաջարկը, արդյունքում՝ Բերդավանն ու Կողբը մեկ համայնքում չեն միանա: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, թե Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանի գյուղացիները կողմ չեն միավորմանը, եւ առաջարկեց հետաձգել, վերանայել, իսկ եթե դրվի քվեարկության, դեմ է լինելու: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նշեց, թե նախագծին կողմ է, քանի որ քաղաքական տեսակետից դիտարկելով՝ իշխող քաղաքական ուժերը հիմնականում ընտրակեղծիքները կատարում են հենց փոքր համայնքներում: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ հայտարարեց, թե փոքր համայնքները 1000 տարվա պատմություն ունեն և չպետք է դրանք որոշման համաձայն կորցնել: Ըստ նրա՝ գյուղ պահելը դպրոց պահելու նման է: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը կոչ արեց Սահմանադրության կետերով շարժվել, որտեղ ասվում է, որ ԱԺ-ն պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը. «Գիտեմ չեք հարգում սահմանադրությունը, բայց գործող թուղթ է և իմպերատիվ դրույթ է, ԱԺ-ն պետք է լսի համայնքների կարծիքը»: Վարման կարգով խոսեց նաև ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը և նշեց, թե նման նախագիծ բերում են, քանի որ Հայաստանի տնտեսական, սոցիալական պատմությունը չգիտեն. «Սա Եվրոպա չէ: Նույնիսկ եթե 10 մարդ լինի, գյուղը պետք է պահել, դա ստրատեգիական կարևոր կետ է, չի կարելի երկու կոպեկի համար նման բան անել: Դա տարաբնակեցում է կոչվում՝ պատմականորեն ձևավորված համայնքները, դարձրեք ամուր բերդեր»: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, թե խոսում են ամեն ինչից, բացի բուն օրենքից: Հրանտ Բագրատյանին սա բարկացրեց, ու նա տեղից սկսեց բղավել Վարդան Այվազյանի վրա: Վերջինս պահանջեց՝ հանգստանալ. «Հանգիստ նստի տեղդ, նստի տեղդ՝ վունդերքինդ...այ քեզի բան... »: Այդ ընթացքում Հրանտ Բագրատյանը դեռ շարունակում էր ընդվզել ու բղավել: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ևս սկսեց կոչ անել՝ լռել: Հրանտ Բագրատյանն արդեն վեր կացավ տեղից ու փորձեց մոտենալ Վարդան Այվազյանին: Խաչատուր Քոքոքբելյանը հասավ օգնության՝ հանգստացնելով Հրանտ Բագրատյանին: Մյուս պատգամավորները եւս փորձեցին միջամտել՝ վեճը կանխելու համար: Գալուստ Սահակյանը կրկին պահանջեց. «Բոլորդ ձեր տեղերում նստեք: Պարոն Բագրատյան նստեք ձեր տեղում»: Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և անցավ՝ 58 կողմ, 23 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ: ԱԺ-ն անցել էր հաջորդ հարցի քննարկմանը, բայց պատգամավորների պարզաբանումները շարունակվում էին, որոնք լսելի չէր: «Կամ ազատեք նիստերի դահլիճը, կամ ձեզ պահեք պատգամավորի պես»,-պահանջեց Գալուստ Սահակյանը: