«Էլի վարկ վերցրեք, Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի փիարի համար ծախսեք» (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում քվեարկվեցին մի շարք օրենսդրական նախագծեր ու համաձայնագրեր։ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիրը: Հիշեցնենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 15 տարի ժամկետով Հայաստանին կտրամադրի 14.6 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ` Գյումրի քաղաքում ունենալու անվտանգ երթեւեկության կազմակերպման համար բարեկարգ փողոցներ եւ էներգախնայող արտաքին լուսավորության ցանց: ՕԵԿ և ԲՀԿ խմբակցությունները կողմ հանդես եկան՝ ելույթով նշելով, որ հարցը վերաբերում է Գյումրիին, և կողմ են քվեարկելու։ Նախագիծն անցավ՝ 102 կողմ, 4 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։ Քվեարկության դրվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» հարցը ՝ 79 կողմ, 23 ձեռնպահ։ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը ևս դրվեց քվեարկության. 76 կողմ, դեմ 23, ձեռնպահ 6։ ԱԺ-ում քվեարկվեց «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված՝ «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով Հայաստանին տրամադրել 30 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ: Ակնկալվում է, որ ծրագրով նախատեսված միջոցառումները կայուն ազդեցություն կունենան էլեկտրաէներգետիկական ոլորտի պետական արտադրող ընկերությունների, «ՀրազդանՋԷԿ» ԲԲԸ-ի եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակի վրա: Նախատեսված միջոցառումները կնպաստեն երկարաժամկետ հատվածում համարժեք եւ հուսալի էլեկտրաէներգիայի ապահովմանը: Այս թեմայի շուրջ ելույթ ունենալով՝ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը շեշտեց, որ, փաստորեն, ատոմակայանի հանցագործ կառավարման մեղքը պետությունը վերցնում է իր վրա։ «Ատոմակայանի փոխտնօրենը 20 մլն դոլար շորթելու մեջ մեղադրվեց, չի կարելի անընդհատ արդարացնել հանցագործներին ու բեռը բարդել քաղաքացիների վրա. ԲՀԿ-ն դեմ է»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ մասնավորապես նշեց. «Էլի վարկ վերցրեք, էլի Սերժ Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի փիարի համար ծախսեք էդ գումարները»։ Համաձայնագիրն անցավ՝ 70 կողմ, 32 դեմ ձայներով։