Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավասար պայմաններ՝ բոլոր ԶԼՄ-ների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
dedd2429369025bc0bb4b2da862b3617

Լրատվական  առցանց  դաշտը կարգավորելու 15 լրատվամիջոցների կոչը չի կարող ազատ խոսքը սահմանափակելու պատճառ դառնալ։ Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ իրենք պարզապես հավասար պայմաններ են պահանջում բոլոր ԶԼՄ-ների համար։ «Մենք՝ ներքոստորագրյալներս, չպետք է ճարենք, պրոդուկտ ստեղծենք, աշխատակիցներ պահենք, խմբագրակազմ ունենանք, ամբողջը անենք, հայտնվեն պորտաբույծներ և առանց որևէ ջանք գործադրելու կարողանան գողանալով ինքնահաստատվել»,- ասում է «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը։ Լրատվամիջոց պետք է համարվի կայքը, որն ունի հասցե, թողարկման պատասխանատու և խմբագրակազմ։ Այս պահանջից բացի հայտարարության հեղինակները պետական կառույցներից են հավասար հարկային պայմաններ ակնկալում բոլոր լրատվամիջոցների համար։ Ըստ նրանց՝ անհրաժեշտ է փոփոխություններն ամրագրել  «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում։ «2003 թվականից օրենքը փոփոխության չի ենթարկվել։ 2016 թվականն է և ինֆորմացիոն դաշտում անքան բան է փոխվել, մենք չենք հասցնում դրա հետևից»,- նշում է Սաթիկ Սեյրանյանը։ Նախաձեռնությունը սակայն, ոչ բոլոր ԶԼՄ-ներն են ողջունում։ Սիվիլնեթի սյունակագիր Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ հարկային մարմինների հնարավոր ակտիվացումը կարող է վտանգավոր լինել խոսքի ազատության համար։ «Ամենակարևոր խնդիրն այն է, երբ  հարկայինը հրավիրվում է, որպեսզի ինչ-որ գործողություն կատարի։ Հայաստանի ամենակոռումպացված մարմիններից մեկը բերվում է հաշիվներ մաքրելու մի դաշտ, որտեղ ինքը ամենակոռուպացվածն է ու հնարավորություն ունի ազդելու»։ Սաթիկ Սեյրանյանը հակադարձում է ընդդիմախոսներին։ «Երբ որ դուք ասում եք խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, կներեք, մենք՝ ներքոստորագրյալներս, տարիներ շարունակ խոսքի ազատության համար պայքարողներից ենք եղել։ Խոսքի ազատությունը կամ բացարձակ արժեքը փնթի, գողացված, անօրինական նյութը չէ»։ Հարցի լուծումը պետք է փնտրել ոչ միայն իրավական հարթությունում։ Կարևոր է՝ հասարակական իրազեկումը հարցի մասին։ Ասում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Եթե հանրությունը սկսի հասկանալ, որ ինքը զիբիլ կարդա, ինքը դրանով ոչ միայն իր ուղեղն է աղտոտում, այլ նաև վտանգում է խոսքի ազատությունը, որովհետև փաստացի փող է գողանում նորմալ լրատվամիջոցներից որոնք աշխատում են։ Այստեղ կարելի է ինչ-որ բան անել»։ 15 լրատվամիջոցների խմբագիրների առաջարկին ընդդիմացողները խոցելի առաջարկ են համարում առաջարկված կանոններին չհետևող ԶԼՄ-ներին պետական կառույցների աշխատանքը լուսաբանելու համար հավատարմագրեր չտրամադրելը։ Ըստ նրանց՝ դա իշխանություններին հավելյալ հնարավորություն կտա սահմանափակելու  խոսքի ազատությունը։