Պաշտպանը հրաժարվեց «Նոր Հայաստան»-ի անդամին ծառայություն մատուցել (տեսանյութ)
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Հակոբ Նազարի-Դեխնավիին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայությունից՝ պատճառաբանությամբ, թե չի կարողացել հանդիպել պաշտպան Վահե Մակյանի հետ: «Ես չեմ կարողացել անգամ հեռախոսազանգերով իրեն գտնել, հետեւաբար դիմել եմ իրենց կազմակերպությանը, որպեսզի հետ վերցնեմ փաստաթղթերը ինքնուրույն աշխատեմ, ինձ պաշտպանելու համար»,- ասաց Հակոբ Նազարի-Դեխնավին: Իսկ փաստաբան Վահե Մակյանը պարզաբանեց. «Այդ ամենը սուտ է հարգելի դատարան, կան համապատասխան զանգերը, որոնք գրանցված են, շուրջ 10-15 զանգ կա: Կա հանրային պաշտպանի գրասենյակում տեսանկարահանող սարք, որը ֆիքսում է, որ իմ նշած օրը մենք մտնում ենք համապատասխան սենյակ եւ քննարկում ենք գործը»: Այնուամենայնիվ, պաշտպանը հրաժարվեց Հակոբ Նազարի-Դեխնավիին ծառայություններ մատուցելուց եւ հեռացավ: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 6-ը, որպեսզի գործում նոր պաշտպան ներգրավվի։ Հակոբ Նազարի-Դեխնավին մեղադրվում է Սահմանադրական հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար։ Վերջինս չի ընդունում մեղադրանքը՝ պնդելով հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին, 4/01 ընտրական տեղամասում բարձրաձայնել է խախտումների մասին՝ միեւնույն ժամանակ տեղյակ պահել հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանին: «Նա նորից սկսեց գոռգոռալ եւ ինձ ապտակեց Ազոյանը եւ այդ ամենը նկարահանեց Ռոմիկը»,- հիշեց Դեխնավին: Տեսախցիկը, սակայն որոշ ժամանակ անց, նրա խոսքերով, անհետացել է: Դեխնավին համոզված է՝ ինքն այսօր դատարանում ոչ թե ամբաստանյալ, այլ տուժող պետք է լիներ ։