Վտանգներ՝ համայնքների խոշորացումից (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ի արտահերթում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Կառավարությունը մինչ օրս հասցրել է պիլոտային երեք ծրագիր իրականացնել մարզերում, որոնք պետք է հիմք ծառայեն նախատեսված բարեփոխումներն առավել արդյունավետ իրականացնելու համար: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց հղելով հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանին, կարևորեց, որ խոշորացման գործընթացի հիմքում պետք է լինի հենց համայնքների կառավարման արդյունավետության բարձրացումը, այդ թվում` տնտեսական և տեխնիկական միջոցների կառավարման առումով: Պատգամավորը պատկերավոր օրինակ բերեց, որով մեծ համայնքները` ունենալով ավագանու մեծ թվով անդամներ, հետագայում վերարտադրվելու նպատակով կփորձեն համայնքի գումարներն օգտագործեն ի շահ այն համայնքների, որոնց ներկայացուցիչներն իրենք են հանդիսանում, այսպիսով՝ վտանգ է ստեղծվում, որ փոքր համայնքները կարող են, ըստ էության, զարգացման լուրջ վտանգների առջև կանգնեն: Փոխնախարար Տերտերյանը նույնպես կարևորեց, որ այո, օրենսդրական փոփոխության միակ նպատակը հենց արդյունավետության բարձրացումն է, ինչպես նաև հաստատեց, որ ոչ բոլոր դեպքերում, բայց առկա է նման միտում, որ օրինակ կառուցապատում են ավագանու այս կամ այն անդամի տան հարակից փողոցը, լուսավորում համայնքի ղեկավարի փողոցը և այլն…