Ինչու է Ռուսաստանն ադրբեջանահաճո հայտարարություններ անում (տեսանյութ)
«Մեր երկրի ռազմավարական նշանակության իրավասությունները այլ երկրի վստահելն ուղղակի դավաճանություն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ՀՕՊ համաձայնագրի մասին, ասաց ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ միամտություն է ակնկալել, թե Ռուսաստանը կարող է պաշտպանել Հայաստանին. «Երբ ուսումնասիրում ենք վերջին տարիների փաստաթղթերը, որոնք պարտադրվել են ՌԴ կողմից, այնպիսի տպավորություն է, որ Ռուսաստանը ցանկանում է հայտարարել, որ ինքն է այս տարածքում տեր ու տիրական եւ չի պատրաստում երբեւէ հեռանալ: Մենք մեր պաշտպանությունը չպետք է թողնենք այլ պետության ցանկությունների տիրույթում»,-նշեց պատգամավորը: Տիկին Փոստանջյանը կարծում է, որ ՀՕՊ համաձայնագիրը չի քննարկվում, քանի որ ռուսական կողմից չկա պարտադրանք անմիջապես վավերացնելու այն: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանն ի զորու է զարգացնել իր ռազամարդյունաբերական պոտենցիալը: «Խորհրդային տարիներին գիտության ոլորտում առաջին տեղում եղել է Ռուսաստանը, հետո Ուկրաինան, ապա՝ Հայաստանը: Վերջերս ես ռազմաարդյունաբերական ոլորտի գիտնականների հետ եմ հանդիպումներ ունեցել: Նրանց առաջարկները շուրջ տասը տարի առաջ ՀՀ իշխանության, կառավարության կողմից ճիշտ չեն գնահատվել, սակայն այսօր կարող էինք արդեն ունենալ զարգացած ռազմաարդյունաբերություն: Մենք ունենք այդ ներուժը, հնարավորությունը, բայց դրանք պետք է համընկնեն մեր իշխանությունների ցանկությունների հետ»: Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ նաեւ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարություններին՝ կապված Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ, եւ նշեց, որ Մոսկվան լավ կաներ՝ մտածեր «Կրեմլի սրտում գտնվող չարիքի՝ Լենինի մասին»: Պատգամավորը կարծում է, որ այդ հայտարարությունը ադրբեջանական լոբինգի հետեւանք է. «Ռուսաստանն Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու խնդիր ունի, դրա համար է նման ադբրեջանահաճո հայտարարություններ անում»,- եզրափակեց նա: