«Սաունայի փոխարեն իսրայելական դռոն կարելի էր գնել» (տեսանյութ)
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը 2015 թվականի բյուջեի կատարողականի մասին խոսելիս հարց է բարձրաձայնում՝ որքանո՞վ է այն ապահովել բանակի խնդիրների լուծումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց. «Եթե բյուջեի կատարողականը լավն էր, ապա դեֆիցիտը շատ մեծ էր, եւ այն փակելու համար գնացին, նոր վարկեր վերցրեցին: Վարկերը վերցնում են ոչ թե գործ դնելու համար, այլ պարտքերը փակելու: Ինչու՞ պետք է դրսից փող հավաքենք՝ զինվորի համար հեռադիտակ գնելու համար: Ինչու՞ պետք է դրսի հոդվածագիրները մեզ հուշեն, թե ինչպես կարող էինք մեր գումարները ծախսել ռազմական ուղղությամբ: Ինչպես նշել էր մի ռուս հոդվածագիր, Հայաստանում 90 միլիոն դոլարով երկու ուսումնական հաստատություն է կառուցվել, որում ընդամենը չորս դասասենյակ կա, մնացածը սաունա է, սրճարան եւ այլն: Այդ գումարով բանակի համար կարելի էր 20 հատ իսրայելական դռոն գնել»: Ասուլիսին ներկա՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հակադարձեց՝ ասելով, որ վարկերի հետ կապված աշխարհում կա 12 ցուցանիշ, որից եւ ոչ մեկով Հայաստանը չի համարվում վարկային բեռ ունեցող երկիր: Ինչ վերաբերում է միջազգային ուսհաստատություններին, ապա Սուքիաս Ավետիսյանի խոսքով՝ այն, որ մեր երկրում կան խնդիրներ, դեռ չի նշանակում, որ պետք է մոռանանք միջազգային համագործակցության մասին: Պատգամավորը հավելեց նաեւ, որ 2017 թվականի բյուջեով ավելի շատ ուշադրություն է դարձվելու ռազմական ոլորտին: