«Հայաստանը նոր հակառակորդ կունենա» (տեսանյութ)
Հայաստանը նոր թշնամի է ձեռք բերում՝ Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանության համակարգի մեջ ներգրավվելով։ «Հիմա մենք ոչ միայն Ադրբեջանի վտանգի առաջ ենք կանգնած, մենք հիմա դառնում ենք թիրախ ՆԱՏՕ-ի համար, դա միանշանակ է։ Այն ՆԱՏՕ-ի, որն օրեր առաջ, որը շարունակում է ճանաչել Հայոց եղեռնը, այն ՆԱՏՕ-ի, որը շարունակում է ֆինանսական, նյութական միջոցներով պահպանել սոցիալական փխրուն հավասարակշռությունը Հայաստանում»,- նշում է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ համակարգին ընդդիմացող մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի հասցեատեր այսօր ընտրել էին Ազգային ժողովը։ «Նոր Հայաստան» շարժման խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի համոզմամբ՝ Ռուսաստանի ծրագրին մաս դառնալով՝ Հայաստանը կաշկանդված է լինելու Արցախի վրա ադրբեջանական հարձակման դեպքում։ «Բուն Հայաստանի Հանրապետության տարածքի թվացյալ պաշտպանության դիմաց առհասարակ կապում է մեր ձեռքերը Արցախում մեր ժողովրդի կյանքի իրավունքը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում»,- նշում է Վարուժան Ավետիսյանը։ Այս պայմանագիրը պաշտոնապես հաստատելու դեպքում Հայաստանը վտանգի տակ է դնում ինքնիշխանությունը։ Պատճառն այն է, որ օդային տարածքը պաշտպանել հնարավոր կլինի Ռուսաստանի հետ համաձայնեցնելու պարագայում։ Վարուժան Ավետիսյանը վստահ է՝ հենց այս վտանգը քողարկելու նպատակ ունի ռուս-հայկական նոր պայմանագիրը ներկայացնել միավորված։ «Հայաստանի տարածքը որպես առանձին շրջան ներառված է Ռուսաստանի հարավկովկասյան զինվորական օկրուգի տարածքում։ Այսինքն՝ այս պայմանագրով մենք դառնում ենք ուրիշ պետության զինված ուժերի ենթակայությամբ գործող ենթա-ենթա-բաղադրիչ»։ Ենթադրվում էր, որ ռուս-հայկական նոր պայմանագիրն Ազգային ժողովը քննարկելու էր այսօր։ Իսկ նախնական քննարկումները ցույց են տալիս, որ դրան դեմ չեն անգամ ընդդիմադիր որոշ ուժերի ներկայացուցիչներ։ Արդյո՞ք առկա վտանգը տեսանելի չէ նրանց համար։ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նշում է. «Եթե դու մի անգամ դառնում ես լրտեսական համակարգի անդամ, քեզ կանչում ասում են ստորագրի այս ղազագիրը։ Դրանից հետո, երբ դու որևէ բան ես ասում միշտ նկատի ես ունենում, որ կա քո ղազագիրը և դրա շրջանակներից պիտի դուրս չգաս։ Մեր պատգամավորների 90%-ը այդ վիճակում է»։ Ռուսաստանի հետ ՀՕՊ համակարգ ստեղծելու գործընթացը լինելու է քաղաքացիների ուշադրության կենտրում, հայտարարեցին ակցիայի մասնակիցները՝ խոստանալով կրկին վերադառնալ Բաղրամյան պողոտա՝ հարցի քննարկումը Ազգային ժողովում սկսվելու դեպքում։