«Ո՞վ ես դու, որ ներկայացնում ես բյուջեի կատարողականը» (տեսանյութ)
Բյուջեի կատարողականը քաղաքական փաստաթուղթ է եւ այն պետք է ներկայացնի գերատեսչության առաջին դեմքը: Պատգամավորները սխալ են համարում՝ փոխնախարարի մակարդակով ԱԺ-ում այն ներկայացնելը։ «Երբ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնում է, իմ հարցը հիմնականում լինում է մի բան, դու, որպես ի՞նչ ես ներկայացնում, ո՞վ ես դու, որ ներկայացնում ես, եթե մենակ հաշվապահական թուղթ ես ներկայացնում, ապա դա մենք էլ կարանք կարդանք: Իսկ եթե ներկայացվածի հիման վրա ունակ չես քաղաքական գնահատական տալու, ապա դա աբսուրդ ա»,- նշում է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Պատգամավոր Թեւան Պողոսյանը ավելացնում է. «Հենց արդյունք չի լինում, տեղակալին են ուղարկում, ասում են՝ թվերից դուրս չխոսես»: 2015-ի բյուջեն, իր թերություններով ու խնդրահարույց կետերով նորություն չէ պատգամավորների համար: Ասում են՝ ամեն տարի է այդպես: Չարաշահումները, ըստ պատգամավորների՝ բազմաթիվ են: Թեւան Պողոսյանը բյուջեի կատարողականում ուսումնասիրել է գրադարանների պահպանման համար նախատեսված ծախսերն ու պարզել: «Պարզվում է 70- ականներին, ինչ- որ թիվ են ընդունել, որ այդքան գիրք կա, հետո ստուգել են, պարզվել է 500,000 գիրք չի եղել, բայց երբ նայում ենք թվերին, ինչքան գումար հաշվարկել էին, այնքան էլ վճարել ու ծախսել են»: Բյուջեի հիմնական, առանցքային ցուցանիշը տնտեսական աճն է: Հիշեցնում է Միքայել Մելքումյանը: Բայց, քանի որ կանխատեսված 4,1 տոկոսի փոխարեն գրանցվեց միայն 3 տոկոս տնտեսական աճ, ապա հետեւանքները երկրի տնտեսության վրա անխուսափելի են: Պատգամավորները նախորդ տարվա բյուջեի ռիսկերի վերաբերյալ կառավարության կանխատեսումները, նույնպես, անբավարար են գնահատում: Դա նույնպես, ըստ նրանց՝ անհետեւանք չի մնա: