Վահան Շիրխանյանի վիճակը ծայրահեղ ծանր է
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին վաղը կայցելի նրան բուժող բժիշկը: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց պաշտպան Ստեփան Ոսկանյանը, «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկը կհետազոտի նրան: Պաշտպանը նրա առողջական վիճակը գնահատում է ծայրահեղ ծանր եւ նշում է, որ դժվարությամբ է տեղաշարժվում: Մինչ ձերբակալությունը Պաշտպանության նախկին փոխնախարարը այնտեղ է ոտքի վիրահատության ենթարկվել եւ բուժում ստացել: Իսկ հիմա ՔԿՀ-ում հրաժարվում է դեղեր ընդունել: Պաշտպանները մի քանի անգամ դիմել են Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու եւ այնտեղ հետազոտվելու համար, սակայն դիմումը չի բավարարվել: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, Շիրխանյանը «կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Առաջադրված մեղադրանքում Վահան Շիրխանյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Իսկ պաշտպանական կողմը կասկածներ ունի, որ նախաքննական մարմինը ցանկանում է նրա վրա հոգեբանական ճնշում գործադրել՝ առաջադրված մեղադրանքը ընդունելու համար: Վահան Շիրխանյանն արդեն 5 ամիս է կալանքի տակ է: