Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարգանա՞լ, թե՞ մնալ անաղարտ. մտահոգություններ՝ կապված Իրանի հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
iranaget

Ի՞նչ վտանգներ կարող են տեսնել հայերը Իրան-Հայաստան հարաբերությունների զարգացման արդյունքում: Իրանագետ Վարդան Ոսկանյանը հետեւյալն է նշում. «Շատերի մոտ կարող է այսպիսի վտանգ լինել, թե իրանցիները շուտով կողողեն Հայաստանը, կամուսնանան մեր աղջիկների հետ, եւ մենք կկորցնենք մեր ազգային անաղարտությունը: Բայց մենք պետք է ընտրենք՝ փորձենք զարգացնե՞լ մեր տնտեսությունը, թե՞ պատերն ավելի բարձրացնենք՝ պահպանելով մեր անաղարտությունը»: Իրանագետը պնդում է՝ իրանցիների մեջ ահաբեկիչներ չկան, ուստի այս առումով էլ պետք չէ վտանգ տեսնել. «Եթե կարող ենք վախենալ, որ Իրաքից, Սիրիայից կամ մերձարեւելյան այլ երկրից Հայաստան եկողը կարող է որեւէ ահաբեկչական կառույցի անդամ լինել, ապա իրանցիների դեպքում այդպես չէ: Իհարկե, կարող են նաեւ լինել հանցագործներ, բայց դա մեր սահմանապահ ծառայությունների վերահսկողության տիրույթում է: Ժամանակն է մեր վախերը մի կողմ թողնելու»: Վարդան Ոսկանյանը նշեց, որ Հայաստանի եւ Իրանի նախագահների հեռախոսազրույցը կարեւոր քայլ էր երկու երկրների հարաբերությունները զարգացնելու առումով: Նա նշեց, թե Իրանը պաշտոնական մակարդակով շեշտել է, որ Հայաստանը կարեւոր օղակ է Սեւ ծովը Պարսից ծոցին կապելու համատեքստում. «Փորձնական մի ծրագիր են ցանկանում անել՝ Հնդկաստանից Պարսից ծոցով Հայաստան, հետագայում Սեւ ծովով Եվրոպա բեռներ փոխադրելու: Եթե տնտեսական առումով դա ձեռնտու լինի Իրանին, ապա կարելի է ակնկալել, որ հսկայական բեռնափոխադրումները, որոնք Հնդկաստանը եւ Չինաստանը Եվրոպայի հետ են կապելու, կարող են անցնել Հայաստանի ուղով»,-եզրափակեց իրանագետը: