«Մեր բանակն իր առջեւ դրված քննությունը հանձնում է գերազանց». Ս. Օհանյան
Այսօր բարձրաստիճան զինվորական կազմի հետ Եռաբլուրում էր նաեւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նախ շնորհավորեց Հայոց բանակի կազմավորման 24-ամյակի առթիվ, ապա՝ կոչ արեց բանակի հետ միասին անել ամեն ինչ, որպեսզի վերածվենք համաժողովրդական բանակի՝ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար. «Խորհրդանշական է այսօր, որ մենք առաջինն այցելում ենք Եռաբլուր՝ մեր մարտական ընկերներին եւս շնորհավորելու: Այսօր այստեղ յուրաքանչյուրի անունը լսելիս մեր միջով սարսուռ է անցնում, ցավն ու սխրանքը շաղախում, դարձնում հպարտություն՝ մեր մարտական ընկերների ու բանակի համար, իսկ ապա՝ կարծրացնում, դարձնում պատասխանատվություն՝ այսուհետ սխալներ չգործելու համար»: Պարոն Օհանյանի խոսքերով՝ մեր բանակի այսօրվա մարտունակությունը թույլ է տալիս ասելու, որ տարածաշրջանում ունենք փոխգործունակ, մրցունակ, հաղթանակած բանակ. «Այն ամեն օր մեր սահմաններում, Արցախում, շփման գծում իր առջեւ դրված քննությունը հանձնում է գերազանց կերպով»: Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերով՝ Անկախության տարիներին կարողացանք ունենալ մի կառույց, որ ոգեւորում է հայ ժողովրդին, դա Հայոց բանակն է. «Մենք իսկապես հպարտանալու տեղ ունենք, քանի որ մեր ձեռքբերումը շատ մեծ է, որ ապահովում է մեր պետության, մայր հայրենիքի եւ 2-րդ հանրապետության անկախությունը, անվտանգությունը»: Նա նաեւ իր ողջույնի խոսքն ուղղեց այս պահին սահմանին գտնվող զինվորներին: Ինչ վերաբերում է կառավարության օպտիմալացմանը, ապա Հովիկ Աբրահամյանը հեռանալով արձագանքեց. «Բա մենք բանակի մասին էինք որոշել խոսել»: Պաշտոնյաներից ամենից քչախոսն այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էր: Դիտարկմանը, թե նա չի ցանկանում շնորհավորական որեւէ խոսք ասել, քայլելով՝ նա միայն հասցրեց ասել. «Բոլորը պետք է ասեն շնորհակալական խոսքեր»: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ փորձեցինք զրուցել, սակայն նա ասաց, թե չի կարող, քանի որ պիտի դիմավորի ու ուղեկցի Սերժ Սարգսյանին: