ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը կրկին պարտություն կրեց, այս անգամ ընկերական խաղում 1:3 հաշվով զիջելով Գերմանիայի երիտասարդական հավաքականին: Չնայած Հայաստանի հավաքականում հանդես եկող լեգիոներներից միայն Ռոմիկ Խաչատրյանը եւ Արման Քարամյանն էին մասնակցում այս մրցավեճին, սակայն դա չի կարող արդարացում լինել, քանի որ մյուս ֆուտբոլիստներն էլ առաջին անգամ չէին հրավիրվում ազգային թիմ եւ իրավունք չունեին նման թույլ խաղ ցույց տալ:
Ամեն դեպքում հանդիպումը հաջող սկսվեց Հայաստանի համար եւ արդեն 7-րդ րոպեին Արման Քարամյանի փոխանցումից հետո 2005թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Արամ Հակոբյանը բացեց խաղի հաշիվը: 1-ին կեսում հիմնականում հավասար պայքար ընթացավ եւ 37-րդ րոպեին Շտեֆան Կեսլինգին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: 2-րդ կեսում գերմանացիները լիովին տիրեցին նախաձեռնությանը եւ մեկ մյուսի հետեւից վտանգավոր գրոհներ էին կազմակերպում:
58-րդ րոպեին Բրեմենի «Վերդերում» հանդես եկող Քրիստիան Շուլցը հեռահար հարվածով առաջ մղեց իր թիմին, իսկ 79-րդ րոպեին Մալիկ Ֆաթին անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը դարձրեց 3:1: 2-րդ կեսում Հայաստանը դարպասը գրավելու ոչ մի հնարավորություն չունեցավ, քանի որ հայ ֆուտբոլիստները ուժասպառ էին եղել, ինչը ցածր պատրաստվածության արդյունք էր: Հանդիպումը ցույց տվեց, որ Հայաստանի հավաքականում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, այլապես նման խաղով կարող է խայտառակ պարտություններ կրել սեպտեմբերին մեկնարկով «Եվրո-2008»-ում: