Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օրինականացվում է պետական սպանությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ դեմ եւ կողմ արտահայտվողների դեբատները շարունակվում են: Այս անգամ լրագրողների հետ են հանդիպել «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հովհաննիսյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Վերջինս սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում է երկու կետով. «Առաջինը՝ մեր ժողովուրդը սովոր է խորհրդարանական կառավարման համակարգին: Մեր երկրի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին: Դրանից առաջ զուտ իրավական տեսանկյունից վերցրած՝ Հայաստանն ունեցել է կառավարման խորհրդարանական համակարգ, իսկ երկրորդ խնդիրն այն է, որ մեր նման հարեւաններ, արտաքին աշխարհի կողմից մարտահրավերներ ունեցող երկիրը իրավունք չունի քաղաքական որոշումներ կայացնելու պատասխանատվությունը թողնել միայն մեկ մարդու վրա: Դա չափից դուրս վտանգավոր է»: ՀՀԿ-ական պատգամավորի փաստարկներին ի պատասխան՝ Արմեն Հովհաննիսյանը նշեց. «Հանրապետական կուսակցության ստեղծումից ի վեր,նրանք երբեւէ նման հարց առաջ չեն քաշել: Երբեւէ չի հնչել նման բան որպես կուսակցության կարծիք»: «Հայազնի» ներկայացուցիչը նշեց, թե դեմ են նոր Սահմանադրությանը, նախ, քանի որ դա վատ փաստաթուղթ է, հետո էլ իշխանությունը փորձում է դրանով իր վերարտադրության հարցը լուծել. «Իրենց մեջ նախագահի վստահելի թեկնածու չեն գտնում, ով հետագայում կարող է այդ 100-300 հոգու լավ կյանքը երաշխավորել, դրա համար էլ որոշել են անցնել խորհրդարանական համակարգի»,-նշեց նա՝ թվարկելով նաեւ նոր Սահմանադրության որոշ կետեր, որոնք սահմանափակում են ազատ խոսքի իրավունքը, հանրահավաքների մասնակցելու իրավունքը, ինչպես նաեւ «օրինականացնում պետական սպանությունը»: