A
A
Հայաստանը վարում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ուղղված բաց քաղաքականություն․ Խոջոյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգի ProCordoba գործակալության ղեկավար Պաբլո Դե Կիարայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական հարաբերությունների ակտիվացման հնարավորությունները։
Ողջունելով հյուրերին՝ Արման Խոջոյանը նշել է, որ Հայաստանը վարում է օտարերկրյա ներդրումների ներգրավմանն ուղղված բաց քաղաքականություն։ Նա ընդգծել է նաև, որ ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում ոչ միայն արտահանման շուկաների, այլև ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ։
Պաբլո Դե Կիարան իր խոսքում նշել է, որ արգենտինական արտադրանքի արտահանումը իրենց համար առաջնահերթություն է։ Նա հավելել է, որ Հայաստանի և Արգենտինայի միջև առկա է մատակարարման շղթաների բարելավման և առևտրային կապերի ընդլայնման անհրաժեշտություն։
Պատվիրակության անդամները համագործակցության հնարավորություններ են տեսնում մասնավորապես անասնաբուծության և կենդանիների գենետիկայի, անասնակերի արտադրության ոլորտներում, ինչպես նաև դեպի Հայաստան գետնանուշի և եգիպտացորենի արտահանման ուղղությամբ։