Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐՄԵՆՏԵԼ»-ը ՇՐՋՎՈՒՄ Է ԴԵՊԻ ԲԱԺԱՆՈՐԴԸ

Տնտեսություն

Տարիների ընթացքում «ԱրմենՏել»-ի շուրջ ձեւավորված բացասական իմիջը առաջիկայում կարող է դրականի վերածվել: Համենայնդեպս, նման խոստում է այսօր տվել ընկերության հեռահաղորդակցության համակարգի գլխավոր տնօրեն Իոաննիս Սմառնակիսը:

Նա մեր թղթակցին խոստովանել է, որ իրոք ընկերությունը երկար ժամանակ պատշաճ ուշադրությամբ չի վերաբերվել իր բաժանորդներին: «Բայց հիմա մենք դարձ ենք անում դեպի մեր բաժանորդները, եւ շուտով ինքներս կխնդրենք, որ ձեզ օգնենք»,- ասել է նա:

Իոաննիս Սմառնակիսը խոստացել է այս տարի հեռահաղորդակցության զարգացման համար ներդնել շուրձ 60 մլն դոլար, եւ մինչեւ տարեվերջ Հայաստանի բոլոր գյուղերում ապահովել ֆիքսված հեռախոսակապ: Նրա խոսքով, վատ հեղինակության պատճառով իրենց համար շատ դժվար էր լինում վարկեր վերցնելը, ուստի նյութեր ձեռքբերելը կամ ներդրումներ անելը երբեմն չէր հաջողվում:

«ԱրմենՏել» համատեղ ձեռնարկության մի բաժնետերը Հայաստանի կառավարությունն է, մյուսը՝ հունական «OTE» ընկերությունը: Եվ յոթ տարում մեր երկրում աշխատելով՝ ընկերությունը հասարակության մեջ ավելի է խորացրել իր վատ համբավը, կառավարության կողմից դատական պատասխանատվությունների ենթարկվել, տուգանվել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ: Արդյո՞ք այդ բացասական իմիջը հենց կառավարության ջանքերով չի ձեւավորվել, «Ա1+»-ի հարցին Իոաննիս Սմառնակիսը դիվանագիտական պատասխան է տվել. «Հեռահաղորդակցության զարգացումը միայն բիզնես չէ, դա նաեւ Հայաստանի զարգացումն է, եւ չեմ կարծում, թե որեւէ մեկին պետք էր «ԱրմենՏել»-ին վարկաբեկելը, ուզում եմ չհավատալ այդ մտքին: Դա ավելի շատ մեր մեղքն է»: Իոաննիս Սմառնակիսը իրենց անընդհատ քննադատող լրատվամիջոցներին խնդրել է անդրադառնալ նաեւ «ԱրմենՏել»-ի արած լավ գործերին: Դրանցից այս տարի սպասվելիքներն են բջջային կապի GPRS (հեռախոսով ինտերնետին միացում) եւ MMS (ձայնային կամ պատկերային հաղորդագրության ուղարկում) ծառայությունների տրամադրումը, ինչն ամբողջ աշխարհում վաղուց օգտագործվում է: Նախորդ տարվա ձեռքբերումներից Իոաննիս Սմառնակիսն առանձնացրեց «բիլինգային ծառայության» ստեղծումը, որով բաժանորդը կարող է ամսվա ցանկացած օր, ցանկացած ժամի տեղեկանալ, թե ինչ ուղղություններով եւ որքան զանգեր է կատարել, որքան դրամի: Բիլինգ այս տարի կտրամադրվի նաեւ լարային կապի բաժանորդներին: