Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱԼՈ, «ԱՐՄԵՆՏԵ՞Լ», ՄԻ ՀԱՏ ՀԵՏ ԶԱՆԳԻ»

Տնտեսություն

«ԱրմենՏել» ընկերության հեռահաղորդակցության համակարգի գլխավոր տնօրեն Իոաննիս Սմառնակիսը այսօր «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե մայրաքաղաքի անալոգային հեռախոսակայաններն այս տարի մեծամասամբ չեն թվայնացվի, քանի որ դա հնարավոր չէ եւ ճիշտ էլ չէ. «Պետք է հասկանանք, որ թվայնացման համար գումարներ են պետք, իսկ մեր գումարները գալիս են բաժանորդների վճարումներից: Միանգամից չենք կարող թվայնացնել ամբողջ ցանցը, քանի որ դա անհնար է եւ ճիշտ չէ»:

Իոաննիս Սմառնակիսը, սակայն, չի մասնավորեցրել, թե ինչո՞ւ ճիշտ չէ Երեւանի բոլոր ԱՀԿ-ների թվայնացումը: Նա մայրաքաղաքի ընդամենը երկու անալոգային ԱՀԿ-ի բաժանորդների համար է ուրախալի լուր հաղորդել. այս տարի կթվայնացվի 48 ԱՀԿ-ն, իսկ 25 ԱՀԿ-ի բաժանորդների կեսին կտեղափոխեն 24, կեսին՝ 28 թվային ԱՀԿ-ների վրա: 25 կայանն այլեւս չի լինի, իսկ Բաբայան փողոցում գտնվող ԱՀԿ-ի ներկայիս շենքը հնարավոր է վաճառվի: Համենայնդեպս, «ԱրմենՏել»-ի տեխնիկական տնօրենն այլ հավանական տարբերակի մասին պատասխան չի տվել մեր թղթակցին: Կարող է վաճառվի նաեւ Նոր Նորքի 63-64 ԱՀԿ-ների նախկին շենքը, քանի որ թվայնացումից հետո դրանք միացվել է 5-րդ զանգվածում գտնվող 66 ԱՀԿ-ին եւ տեղափոխվել այնտեղ:

Չթվայնացվածների վերաբերյալ մասնագետները սակայն պնդում են, որ նույն քաղաքում միաժամանակ թվային եւ անալոգային կայաններ ունենալը, եթե մեկը րոպեավճար է գանձում, մյուսը՝ ոչ, չի բխում ծառայություններ մատուցող ընկերության շահերից, քանի որ թվայինների բաժանորդների մեծ մասը միշտ զանգում է անալոգայիններին ու արագ խնդրում, որ նա հետ զանգի: Եվ քանի որ «հետ զանգողը» րոպեի համար չի վճարում, հանգիստ ու շատ երկար խոսում է, իսկ անալոգային կայանը ծանրաբեռնվում է: Այդքանով հանդերձ, Իոաննիս Սմառնակիսը մեր թղթակցին վստահեցրել է, որ Երեւանում ունենալով կիսաթվայնացված կամ չթվայնացված կայաններ՝ իրենք ֆինանսապես չեն վնասվում:

Կիսաթվայնացված կայաններից են Նոր Նորք 63-64-ը, որոնց 30 000 բաժանորդներից 21 000-ը կես տարուց ավելի թվային հեռախոսով խոսում են ու ազատված են րոպեավճարից, քանի որ կայանների վերջնական թվայնացումը 2005թ. հունիսից հետաձգվեց տարեվերջ, այնուհետեւ՝ 2006թ. ապրիլ: Հետաձգման պատճառները տեխնիկական տնօրենը «Ա1+»-ին չի հայտնել, սակայն ասել է, որ Երեւանի Ավան թաղամասի 61-62 անալոգային կայաններն այս ամսվանից տեխնիկապես կվերազինվեն, բայց չեն թվայնացվի, տարվա ընթացքում կթարմացվեն նաեւ մյուս անալոգային կայանները: Այդ նպատակին «ԱրմենՏել»-ը պատրաստվում է ծախսել 1 մլն դոլար: