Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆայլաբազար»-ի աշխատակիցները՝ նյույորքաբնակի նկարում

Մշակույթ
fayla

Գլեն Գուլդի կատարմամբ Բախի ստեղծագործությունների շունչը նյույորքաբնակ հայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի նկարներում է։ Տիգրանը՝ գրեթե բոլորի բնորոշմամբ ակտուալ մարդը, ուսումը սկսել է Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայից։ Ուստարիներին ընդամենը մեկ անգամ հինգ ստացած ուսանողը ուսումը կիսատ թողնելով մեկնեց Շվեյցարիա՝սովորելու. «Այստեղ ես պաշտոնապես չավարտեցի, քանի որ դիպլոմային աշխատանք չհանձնեցի։ Ասել էին՝լվացք անող կնոջ նկարեմ, ես էլ նկարել էի լվացքի մեքենա, որի կողքին կին էր կանգնած։ Ինձ ասացին՝պետք է կինն անձամբ լվացք անի, բայց ես նման բան չեմ տեսել, այդ ժամանակները չէր այլեւս, ինչպե՞ս նկարեի։ Սրա պատճառով էլ չներկայացա դիպլոմայինին։ Իսկ Շվեյցարիայում դիպլոմայինիս համար նկարեցի սպիդով հիվանդ մի տղայի, ով ասել էր. «Նկարի ինձ, մինչեւ մահանալս։ Եվ նկարելով իրեն՝ նման նկարների շարք ստեղծեցի»,-պատմում է նկարիչը։ Շվեյցարիայում ուսումն ավարտելուց հետո հաստատվում է Նյու Յորքում. «Նյու Յորքը շատ ուժեղ քաղաք է. կա՛մ քեզ ուժ է տալիս ու բարձրացնում, կա՛մ կոտրում։ Նեյտրալ քաղաք չէ. կա՛մ այս կողմ,կա՛մ այն կողմ։ Կա՛մ սիրում ես, կա՛մ՝ ատում»։ Տիգրանի աշխատանքների շքեղությունը վերջերս հնարավորություն ունեցան վայելելու նաեւ հայերը։ Նյու Յորքից իր հետ բերել էր վեց կտավ։ Դրանցից երկուսն արդեն  տասը տարի է, ինչ պատրաստ էին։ n   Նկարել է շվեյցարական եւ հայկական ամբոխ. «Եվրոպայում մարդիկ դժվար են ինտեգրվում, այնտեղ դեռ երկու սերունդ էլ չի կարողանում ինտեգրվել։ Եվրոպան դժվար ընդունող տեղ է։ Նկարեցի երկու ամբոխ։ Շվեյցարիան այն ամբոխն է, ուր բոլորը ծնվում են արդեն կայուն սոցիալական եւ ֆինանսական վիճակում և ընտրում են սկզբից թե ինչ կյանք են իրենք ուզում։ Այնտեղ ամեն ինչ կարելի է հաշվարկել։ Հայաստանում հակառակ վիճակն էր։ Մարդիկ չունեին ոչ մի բան, բայց երազներով էին ապրում։ Մտածում են, թե ինչ պետք է անեն, բայց չունենալով ոչ մի բան։ Հայերը երազում են մի բանի մասին, որի մասին միջին շվեյցարացու մտքով երբեք չի անցնի, քանի որ շվեյցարացին գիտի իր առաստաղը, իսկ հայը, քանի որ ոչինչ չունի, իր համար սահմաններ էլ չկան։ Ցանկացա նկարեմ, թե ինչի մասին է երազում  հայն ու շվեյցարացին։ Նկարեցի շվեյցարացիների ամբոխը, որի գլխից վերև շատ օդ կա, այսինքն՝ աճ կա, շարժման տարածություն, բայց մարդիկ երազել չգիտեն։ Գնացի ժնևի ավտոսալոն ու նկարեցի մարդկանց, որոնք նայում էին թանկարժեք մեքենաների, այսինքն՝ այն պահը, երբ մարդ իսկապես կանգնած երազում է ինչ-որ բանի մասին, քանի որ մինչ այդ շվեյցարացուն չէի կարողանում բռնացնել երազելու պահին։ Իսկ հայերին շատ հասարակ վիճակում եմ նկարել՝մեր ֆայլաբազառում, որոնց հարցը օդում կախված է, ոտքի տակ գետին չկա, նրանք սոցիալական, ֆինանսական վանդակի հետեւն են, բայց իրենց երազները անվերջ են։ Ու շատ հետաքրքիր էին, երբ այդ երկու նկարները կախված էր ցուցասրահում և ես նրանց միջեւ էի»։ Տիգրան Ձիթողցյանին զարմացրել էր հայ երիտասարդների հետաքրքրությունը դեպի արվեստը, իսկ նախկինում երիտասարդների մոտ չէր նկատում նույնիսկ խոսակցություն՝ արվեստի մասին։ Համեմատելով նյույորքաբնակներին ու հայերին՝ ասում է. «Նյույորքաբնակները շատ բան են տեսնում։ Նյու Յորքում օրական հարյուրից ավելի ցուցահանդես է բացվում։ Մարդիկ ամեն ինչ տեսել են, իսկ այստեղ մարդկանց սովը ես զգում եմ ու շատ ավելի հաճելի է այստեղ ցուցադրվել։ Ինչ-որ նոր բան բերելով՝ պակասը լրացնում ենք։ Երկու բան կա, որ այստեղ մարդիկ հետաքրքրվում են ինձնով. այն, որ ես հայ եմ ու դրսից եմ գալիս արդեն հետաքրքրություն է բերում։ Իսկ մյուսը՝ շատերը ինձ հետեւել են, բայց իրականում գործերս չեն տեսել։ Սա է, որ ցանկություն կա ծանոթանալու գործերիս։ Նյու Յորքում ուրիշ է, իրենց չի հետաքրքրում՝ դու ով ես, որտեղից ես. իրենք գալիս են հենց բուն աշխատանքի համար։ Մարդիկ շատ չեն խորանում. հետաքրքրում է՝գալիս են, չէ՝ չեն գալիս։ Այնտեղ ժամանակ չկա։ Հայաստանը շատ ավելի նախապատրաստված է ընդունում։ Նյու Յորքը արվեստի շուրջ պտտվող քաղաք է»։ Իր նկարներում գերակշռում են սեւ ու սպիտակը. «Սեւ ու սպիտակը իրականությունից անջատվելու լեզուն է։ Իրականության պատրանքն է։ Եթե գունավոր լիներ կլիներ այստեղ, հենց հիմա ու շատ իրական»։ Ասում է՝արվեստի մեջ շատ բան է իրեն հետաքրքրում, բայց չի կարող ամեն ինչ անել. ժամանակ չունի.«Նաեւ՝ եթե նույն անունով նկարիչը տարբեր գործեր է  անում, Եվրոպայում, ԱՄՆ-ում ընկալվում է որպես ոչնչից չհասկացող մարդ»։ Փոքր երկրից մեծ քաղաք գնացած նկարիչն իրեն օտարական չի համարում. «Ես արդեն կորցրել եմ այն, որ այստեղ տանն եմ, այնտեղ չէ։ Տարբերություն չեմ զգում, թե Նյու Յորքում եմ, Չինաստանում կամ այլ վայրում։ Շատ եմ ճանապարհորդում։ Մոլորակը գնալով փոքրանում է ինձ համար, ամեն տեղ ինձ շատ լավ եմ զգում»։