ՏԻՄ ընտրությունների ամփոփում. 15 համայնքից 13-ում՝ ՀՀԿ-ականներ
Երեկ Արագածոտնի,Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերի 22 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին։ Սյունիքի մարզի Արեւիս համայնքում երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող 68 անձից ընտրությանը մասնակցել է 31-ը։ Նրանք բոլորն էլ իրենց քվեն տվել են գործող հանրապետական գյուղապետ Սասուն Սահակյանին։ Նա միակ թեկնածուն էր։ Կոտայքի մարզի Ֆանտան, Մրգաշեն, Արագածոտնի մարզի Ղազարավան, Լոռու մարզի Եղեգնուտ, Վայոց ձորի մարզի Գողթանիկ համայնքներում ընտրությունները եւս անցան առանց մրցապայքարի։ Գործող գյուղապետերը, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, վերընտրվեցին։ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Իշխող հանրապետական կուսակցությունը ներկայացրել է գործող քաղաքապետի՝ Արտակ Գեւորգյանի թեկնածությունը, իսկ ԲՀԿ-ն առաջադրել էր Մարալիկի քաղաքապետարանի տեսուչ Արտակ Ավդալյանին: Ընտրությանը մասնակցած 3147 ընտրողներից 1965-ը իր քվեն տվել է գործող քաղաքապետ Արտակ Գեւորգյանին, իսկ 1110-ը քվեարկել է Արտակ Ավդալյանի օգտին։ Այստեղ 70 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Իսկ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր երկու հանրապետական՝ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը եւ Տավուշի կադաստրի պետ Վարուժան Ներսիսյանը։ Նրանք երկուսն էլ հանրապետական են։ Վարուժան Ներսիսյանը, սակայն ինքնառաջադրվել էր: Ընտրելու իրավունք ունեցող 14 153 ընտրողից ընտրությանը մասնակցել է 8488-ը, որոնցից 6240-ը իրենց ձայնը տվել են գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանին, իսկ 2032-ը՝ Վարուժան Ներսիսյանին։ Այստեղ 205 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։