Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԻՉ ԳՈՒՄԱՐՈՎ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՈՀ ՄՆԱԼ

Տնտեսություն

Այս տարվա վերջին ասուլիսը ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը հրավիրել էր հայտարարելու, որ իրեն գոհացնում է 2006-ի բյուջեն՝ առողջապահության ոլորտի ֆինանսավորման առումով:

Չնայած դրան նաեւ նշվեց բոլորին հայտնի ճշմարտությունը. «Փողը միշտ քիչ է»: «Եթե Կանադայում կամ ԱՄՆ-ում, որտեղ ես լինում եմ բողոքում են իրենց ֆինանսավորումից, այն դեպքում, երբ իրենց մեկ համալսարանի բյուջեն մեր պետության բյուջեից մեծ է, ապա ես էլ ի՞նչ ասեմ»,- անկեղծացավ Առողջապահության նախարարը:

2006-ին բյուջեից առողջապահական ոլորտին հատկացվելիք 39,1 միլիարդ դրամը բավարար է համարվում, որ նախարարությունում իրենց ֆինանսավորումը համարեն իբրեւ սոցիալական ուղղվածության:

Ի դեպ, 2006-ի բյուջեում առողջապահության ուղղվածությամբ ֆինանսավորվելու է երկու նոր ծրագրեր. առաջին անգամ բուժհաստատությունների հիմնանորոգման համար հատկացվել է 343 մլն դրամ եւ ծխախոտի դեմ պայքարելու համար հատկացվելու է 100 միլիոն դրամ: «Արդյո՞ք նախարարն ինքը ծխում է» հարցին Նորայր Դավիդյանը փորձում էր չպատասխանել, այնուամենայնիվ խոստովանեց. «Մեկ-մեկ ծխում եմ»:

Ստացվող ֆինանսավորումների համաձայն ամբուլատոր-պոլիկլինիկական ֆինանսավորումը մեկ բնակչի հաշվով կազմելու է 4348 դրամ, 2005-ի 3548 դրամի դիմաց: 8,4%-ով ավելանալու է նաեւ հիվանդանոցային բուժօգնության ֆինանսավորումը եւ ըստ այդմ՝ մեկ անձին բաժին ընկնող ֆինանսավորումը:

Նախարարությունը 2006-ի բյուջեի միջոցով փորձելու է պայքարել նաեւ ոլորտում առկա կոռուպցիայի դեմ: Այդ նպատակով բարձրացվելու են աշխատավարձերը: Օրինակ՝ տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների եւ ընտանեկան բժիշկների ամսական աշխատավարձը կբարձրանա ավելի քան 11 հազար դրամով 46,8 հազար դրամի փոխարեն կկազմի 58,4 հազար դրամ: Լրագրողները միամտորեն նախարարից տեղեկացան, թե արդյո՞ք ֆինանսավորման աճը կնպաստի, որպեսզի «Շտապօգնության» ծառայության կանչերը սպասարկվեն անվճար: Դրան ի պատասխան նախարարը տեղեկացրեց, որ այդ ծառայությունը միշտ էլ եղել է անվճար: Լրագրողների լրացուցիչ պնդումներին, նա ստիպված՝ չուզելով, այնուամեյանիվ հայտարարեց, որ «Շտապօգնության» կանչերի դեպքում բնակչությունից գումարների գանձումն «ապօրինի է»: