ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՊԱՑՈՒՑԵԼ ԻՐ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Հազարամյակի Մարտահրավեր Կորպորացիան» այս շաբաթ հաստատել է Հայաստանի հետ համագործակցության 235.65 մլն ԱՄՆ դոլար-ոց ծրագիրը, որն ուղղված է Հայաստանի գյուղական շրջաններում աղքատության կրճատմանն ու տնտեսական զարգացմանը:
ՀՀ ԱԳՆ այսօր հայտարարություն է տարածել Հազարամյակի Մարտահրավեր Կորպորացիայի Հայաստանի հետ համագործակցության ծրագրի հաստատման վերաբերյալ` համարելով, որ այդ որոշումը «վերահաստատում է ամերիկյան կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի տնտեսության եւ ժողովրդավարության զարգացման գործին»:
Հայ ժողովրդի եւ ՀՀ կառավարության անունից շնորհակալությունն ենք հայտնելով Միացյալ Նահանգների կառավարությանը, արտաքին գերրտեսչությունը հարկ է համարում նաեւ հայտարարել.
« Այդուհանդերձ, մենք քաջ գիտակցում ենք, որ «Հազարամյակի Մարտահրավեր Կորպորացիայի» որոշումը անշրջելի բնույթ չի կրում, եւ մենք անելիք ունենք դրանում շարունակական եւ ամբողջական ներգրավվածությունն ապահովելու համար: Լրջորեն հաշվի առնելով ՀՀ Նախագահին ուղղված Հազարամյակի Մարտահրավեր Կորպորացիայի նախագահ դեսպան Ջոն Դանիլովիչի նամակում հայտնած մտահոգությունները, ցանկանում ենք կրկնել մեր նվիրվածությունը այն հիմնարար սկզբունքներին, որոնք անհրաժեշտ են ՀՄԿ աջակցությունը ստանալու համար: Խորապես գիտակցելով, որ լուրջ անելիքներ ունենք Հայաստանում բարեփոխումների իրականացման առումով, մենք վճռական ենք արձագանքելու նամակում բերված բոլոր հարցերին: Այդ նպատակով մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ անձանց եւ կազմակերպությունների հետ»: