Հոգեվիճակային հանրագումար՝ աշխարհին ազգային քո արժեքը ներկայացնելու համար
Գրականությունն իբրեւ ավանդ մեկ փաթեթի մեջ, մեկ հոգեվիճակով փոխանցված աշխարհ. բանաստեղծ Տիգրան Գաբոյանի այս միտքը ամենից դիպուկ է բնութագրում զգացողությունները, որոնք կստանա ընթերցողը՝ ձեռքը վերցնելով «Հողը կը խօսի» ընտրանին։
Դանիել Վարուժան, Ռուբեն Սեւակ, Արտաշես Հարությունյան, Սիամանթո, Թլկատինցի , Գրիգոր Զոհրապ, Երուխան , Ռուբեն Զարդարյան, Գեղամ Բարսեղյան եւ Տիգրան Չյոկյուրյան. 10 եղեռնազոհ գրողների ստեղծագործություններն են ընդգրկվել անգլերեն, գերմաներեն, ռուսերեն ժողովածուներում, որոնք երիտասարդ բանաստեղծներ Տիգրան Գաբոյանի ու Հերմինե Նավասարդյանի վեց ամիսների աշխատանքի արգասիքն են։
Հերմինեն, թերթելով գիրքը, պատմում է, թե ինչպես են սկզբում ընտրել հայերեն ստեղծագործությունները, հետո փնտրել դրանց լավագույն թարգմանությունները, իսկ երբ չի եղել թարգմանությունը, նորն են պատվիրել կամ իրենք թարգմանել։
Աշխատանքի ընթացքում Տիգրանն ու Հերմինեն ոչ միայն արեւմտահայ գրականության այդ նմուշներն են վերարժեվորել, այլեւ բացահայտել թարգմանիչների, որոնք այդ արժեքները հնարավորինս բնագրին մոտ հասցրել են օտարախոս ընթերցողին։
Մասնագիտությամբ մաթեմատիկոս, իսկ էությամբ բանաստեղծ Հերմինե Նավասարդյանը կարծում է , որ արեւմտահայ գրականության մեջ արտացոլված խնդիրներն իրենց արդիականությունը չեն կորցրել 100 տարի անց անգամ։
Բանաստեղծ Տիգրան Գաբոյանն, արեւմտահայ գրականության արժեքը գնահատելիս, բառերը զգուշությամբ է ընտրում։ Կարոտ է արթնացնում այդ գրականությունը, -համաձայնվում է,- գրական այդ նմուշները Արեւմտյան Հայաստանի եւ նրա մշակույթի հանդեպ չմարող կարոտ են փոխանցում։ Մարդկային ողբերգությունը նույնն է ամբողջ աշխարհում, բայց , ըստ նրա, ազգային հարթակում հոգեվիճակները տարբեր կերպ են դրսեւորվում։ Ցավի, նաեւ վերապրման մեր ընկալումը հստակ դրսեւորվում է այս գրականության մեջ։
Սիրիայում ծնված երիտասարդը արեւմտահայերեն է ստեղծագործում. Տիգրանը նաեւ իր պարտքն է համարում՝ հաջորդ սերնդին փոխանցելու արեւմտահայերենի հարուստ բառապաշարը, որն ունեին 1915թ եղեռնին զոհ դարձած գրողները։
Չի ընդունում «Հայաստանում հաստատված» արտահայտությունն իր հասցեին։ Այսօր Երեւանում է, վաղը ուր կլինի, դժվար է ասել։ Ստեղծագործող մարդու համար տեղը կապ չունի, պարզապես ներշնչանքի աղբյուրներն են փոխվում։ Նրա համար ստեղծագործական շարժիչ ուժը մշակութային ճամփորդություններն են, աշխարհին առնչվելը։ Ընդգծում է՝ ինչքան բացվում է աշխարհը քո առջեւ, այնքան պայծառանում է ստեղծագործական երեւակայությունդ։
Մշակութային վերջին ճամփորդություններից մեկը Ռումինիայում էր։ Բուխարեստից մոտ 200 կմ հեռավորությամբ գտնվող Քուրդիա Դե Արջես քաղաքում անցկացվում էր պոեզիայի միջազգային փառատոն, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Լեւոն Բլբուլյանը, Տիգրան Գաբոյանը եւ Հերմինե Նավասարդյանը։ Տիգրանը կարեւորում է այդպիսի շփումները։ Նման մթնոլորտում փորձի փոխանակումը ներշնչանքի լրացուցիչ աղբյուր է։ Լեզուն, իհարկե, երբեմն արգելք է դառնում, բայց Տիգրանի համար, այդ խնդիրը չի ծագել, քանի որ նա նաեւ անգլերեն է ստեղծագործում։
Ռումինական այցի օրերին Բուխարեստում ներկայացվել է Տիգրանի եւ Հերմինեի կազմած «Հողը կը խօսի» ժողովածուն։ Այսինքն՝ Եղեռնին զոհ դարձած գրողների ստեղծագործությունները ներկայացվել են մի երկրում, որի ՀՀ-ում դեսպանը նախորդ տարվա վերջին սկանդալային հայտարարությամբ էր հանդես եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական հրամայականի հետ կապված հարցին պատասխանելիս։ Նա համեմատություն էր արել Ցեղասպանության ճանաչման և միասեռական զույգի բարոյականության միջև, որն էլ դարձել էր քաղաքական սկանդալի պատճառ։
Տիգրան Գաբոյանն ասում է, որ այս դեպքի հետ կապված զրույց Ռումինիայում չի եղել։ Թուրքիային հաճո քաղաքականություն վարող Ռումինիայում հայ պատվիրակությունը, Ցեղասպանության հարցը բարձրացնելիս, չի զգացել թունդ հակատրամադրվածություն, բայց խուսափողական պատասխաններ եղել են, որպեսզի ներկայացվող դիրքրոշումը շատ չտարբերվի պետականից։
Գրականությունը, արվեստը միախառնված են քաղաքականության հետ,- հիշեցնում է Տիգրան Գաբոյանը։
Լուսանկարում՝ Տիգրան Գաբոյանը, Հերմինե Նավասարդյանը եւ Լեւոն Բլբուլյանը Ռումինիայում