ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ԽԻՍՏ ՆՎԱԶԵԼ Է
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական բանկը մարտից սոցիոլոգիական հարցումներ է իրականացրել: Գլխավոր դրամատունը փորձել է պարզել՝ յուրաքանչյուր եռամսյակում որքանով է աճել կամ նվազել տնտեսական ակտիվությունը, սպառողների վստահությունը, ինչ փոփոխություն է կրել գործարար միջավայրը:
Բանկը 0-100 բալանոց սանդղակում 50 ինդեքսը համարել է «անփոփոխ» ցուցանիշ, դրանից բարձրն ու ցածրը՝ աճ կամ նվազում: Եկրորդ եռամսյակում, ըսկ ԿԲ հարցումների, տնտեսական ակտիվության ինդեքսը շատ բարձրէ եղել՝ 72.2, գործարար միջավայրը միջինից բարձր է գնահատվել 53.9 ինդեքսով, սպառողների վստահությունը նույնպես աննշան բարձր՝ 51.3: Երրորդ եռամսյակում այս ցուցանիշները հիմնականում մոտ են եղել նախորդներին, սակայն վերջին եռամսյակի ցուցանիշներում տնտեսական ակտիվությունը չափազանց նվազել է՝ հասնելով 53.6-ի:
ԿԲ նախագահը սա բացատրեց սեզոնայնությամբ: Նա ասաց, որ մեր տնտեսական աճի մեջ զգալի տեսակարար կշիռ ունի շինարարության ոլորտը, իսկ շինարարությունը ձմռանը համարյա կանգնում է:
Այսուհետ ամեն եռամսյակ ԿԲ-ն կներկայացնի սոցհարցումներով ստացված այս բաղադրյալ տնտեսական ինդեքսների պատասխանների հաշվեկշիռները: Դրանք Տիգրան Սարգսյանը խորհուրդ է տալիս համեմատել ոչ թե նախորդ եռամսյակի, այլ՝ նախորդ տարվա նույն եռամսյակի հետ: Իսկ սոցհարցումներն իրականացվել են հեռախոսով, այցելություններով կամ ձեռնարկությունների գնահատականները հաշվի առնելով: Տարեսկզբին ընտրվել է 400 ձեռնարկություն, որոնց թիվը տարեվերջին հասել է 540-ի: Հարցված տնային տնտեսությունների թիվը 800 է:
ԿԲ-ն հարցումներով որոշել է զբաղվել, քանի որ նման ինֆորմացիա վիճակագրական ծառայությունը չի տրամադրում, իսկ հասարակությունը կամ գործարարները սոցհարցումների ինդեքսներով կարող են ավելի լավ կառուցել նշված երեք ոլորտներում ապագայի նկատմամբ իրենց սպասումները: Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, սոցհարցումներն արել են երիտասարդներ, որոնց հետ իրենք պայմանագրեր են կնքել, ուստի ԿԲ-ն, նրա բառերով, այստեղ չի տեսնում շահերի բախում ու չունի կեղծ թվեր ներկայացնելու շահագրգռվածություն: