ԿԲ ՆԱԽԱԳԱՀԸ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՀԵՏ ԼԵԶՈՒ ՉԻ ԳՏԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի տնտեսության դրամայնացման հիմնական խոչընդոտը խոշոր գործարարների վարքագիծն է, որ նրանք նախապատվությունը տալիս են դոլարին: Այս մասին օրեր առաջ հայտարարեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նաեւ վստահեցրեց, որ հասարակության միջին եւ ցածր խավը արժութային միջոցները պահելիս նախընտրում է հայկական դրամը:
Այսօր ԿԲ նախագահը հանդիպեց լրագրողներին, պատասխանեց նրանց բոլոր հարցերին՝ բացառությամբ մեկի. «Դուք հայտարարեցիք, որ տնտեսության դրամայնացման հարցում մնում է՝ միայն օլիգարխների հետ լեզու գտնեք, լեզու գտա՞ք»: Տիգրան Սարգսյանը այսպես շրջանցեց հարցը. «Ուշանում եմ»:
Հարցն հրատապ է այնքանով, որ նախորդ շաբաթ դրամի արձանագրած կայուն եւ հաստատակամ արժեւորումը հանգստյան օրերին կանգ առավ, իսկ այս շաբաթ նույն հաստատակամությամբ հայկական արժույթը դարձյալ արժեզրկվում է:
Այնուհանդերձ, ԿԲ նախագահն այսօր մարդկանց հերթական անգամ հորդորեց խնայողությունները կամ արտասահմանյան տրանսֆերտները պահել դրամով: Հետո խորհրդավոր ժպտաց, թե. «Եթե ինչ-որ տեղ կարդաք, որ Կենտրոնական բանկը կանխատեսումներ է արել, ես կասեմ, որ դա սուտ է: Կենտրոնական բանկը գնաճի եւ փոխարժեքի կանխատեսումներով չի զբաղվել, չի զբաղվում եւ չի զբաղվելու»:
Առաջիկայում կհրապարակենք ԿԲ նախագահի տարբեր հայտարարություններից մեջբերումներ, երբ նա վստահորեն հայտարարել է, որ «դրամն արժեքավորվելու է»: