Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԳՈՒՅՇ ԼԻՆԵՆՔ, ՉՀԱՎԱՍԱՐՎԵՆՔ ԵՄԵՆԻՆ

Տնտեսություն

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը հաստատել է 5 տարի ժամկետով Հայաստանին 235,65 մլն. ԱՄՆ դոլար տրամադրելու որոշումը: Գումարի փոխանցման վերջնական պայմանագիրը, սակայն կնքման համար պատրաստ կլինի 2006-ի հունվարի կեսին:

Թեեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով գումարը հատկացվում է կոնկրետ ժամկետով, այնուամեյանիվ, չի բացառվում, որ ծրագրի իրականացման գործընթացի ժամանակ տեղի ունենան որոշակի փոփոխություններ: Օրինակ՝ որոշում կայացվի տվյալ երկրին հանել ծրագրից եւ զրկել ֆինանսավորումից: Որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ է, որպեսզի ծրագրին մասնակցող երկիրը համապատասխանի պահանջվող չափանիշներին: Այն դեպքում, երբ չափանիշները չեն պահպանվում եւ խախտվում են, երկիրը պատժվում է: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան այդպիսի պատիժ է կիրառել օրինակ` Եմենի նկատմամբ:

Ճիշտ է, Եմենը դեռ գումար չէր ստացել, այլ գումար ստանալու հավակնորդ-երկրների շարքում էր: Սակայն, պատիժը տեսականորեն կիրառելի է նաեւ արդեն ծրագրի մասնակից-երկրների հանդեպ:

ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր գերադասեց չխոսել այդպիսի հեռանկարի մասին, առավել եւս չցանկացավ կանխատեսել, թե քաղաքական տեսանկյունից չափանիշներին չհամապատասխանելու դեպքում ինչ զարգացումներ են հնարավոր: Փոխնախարարը ներկայացրեց, թե ինչ ուղղությամբ է Հայաստանում ծախսվելու ստացված գումարը: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան գումարը հատկացնելիս հետապնդում է հստակ նպատակ. գյուղական աղքատության կրճատում: Հայաստանում իրականացվելիք աշխատանքների արդյունքում ակնկալվում է գյուղական աղքատությունը վերացնել 6%-ով: Իսկ ընդհանուր առմամբ ծրագրի շահառու կդառնան 750 հազար Հայաստանի բնակիչներ կամ գյուղական բնակչության 75%-ը:

67,1 մլն դոլարը բաժին կհասնի գյուղական ճանապարհների վերականգնմանը: Դրանից հետո շուրջ 300 համայնքներ կունենան շուրջ 1000 կմ վերանորոգված ճանապարհ: Սա կազմելու է «կենսական նշանակության» ճանապարհների ցանցի շուրջ 45%-ը: Ի դեպ, այս առումով ՀՀ կառավարությունն ունի այլ անելիքներ եւս: 2006-ին Հայաստանի պետբյուջեով կվերանորոգվի եւս 500 կմ. ճանապարհ: Բացի այդ ճանապարհաշինության գործում ՀՀ կառավարությունն ակնկալիքներ ունի «Լինսի» հիմնադրամի եւ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորումից: «Հազարամյակի մարտահրավերներ»-ի հատկացրած գումարից 145,67 մլն. դոլարն ուղղվելու է ոռոգելի գյուղատնտեսության ծրագրին (կկառուցվեն եւ կվերականգնվեն 7 ջրամբարներ, կարդիականացվեն 68 պոմպակայան, մայր ջրանցքից կվերականգնվի 200 կիլոմետրանոց հատված, ոռոգման 15 համակարգեր մեխանիկականից կվերափոխվեն ինքնահոսի եւ այլն), ընդհանուր ծրագրի կառավարման եւ հսկողության համար կտրամադրվի 17,79 մլն. դոլար եւ մոնիտորինգի եւ գնահատման համար՝ 5,08 մլն. դոլար: