Ուորլիքը հրաժարվեց մեկնաբանել իր իսկ հայտարարությունը (տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ Լրագրողներից մեկի հարցը՝ ինչ կարող է ասել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման հետ կապված, ամերիկացի համանախագահը չցանկացավ մեկնաբանել՝ «Այսօր առավոտ ես խոսել եմ այդ մասին»։ «Ա1+»-ի հարցը՝ ինչպե՞ս կմեկնաբանի իր իսկ հայտարարությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ պետք է տեղի ունենա Ադրբեջանին, ևս մնաց անպատասխան։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան լրագրողների հետ հանդիպմանը Ջեմյս Ուորլիքը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորում չի կարող լինել, եթե դրանում ներառված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ըստ նրա՝ համապարփակ կարգավորումն իր մեջ ներառում է նաև կարգավիճակի հարցը, և այդ նպատակով անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի ազատ արտահայտում։ Համապարփակ կարգավորման տարրերից մեկը, ըստ Ուորլիքի, պետք է լինի Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը։