ՀԷՑ-ի մամուլի քարտուղարը հերքում է, որ այն կարող է վաճառվել Սամվել Կարապետյանին (տեսանյութ)
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստից հետո ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը առանց որևէ հարցի պատասխանելու հեռացավ՝լրագրողների բոլոր հարցերին արձագանքելով միայն. «Дайте nройти»: ՀԷՑ-ի մամլո քարտուղար Նատալյա Սարջանյանը լրագրողների հետ զրույցում ՀԷՑ-ի վաճառքի մասին հարցին ի պատասխան միայն նշեց, որ համապատասխան առաջարկությունների դեպքում իրենք դեմ չեն լինի և այդ հարցը կարող է քննարկվել: Նատալյա Սարջանյանը, սակայն, հերքեց շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց` ՀԷՑ-ը գնելու է ռուսաստանահայ բիզնեսմեն Սամվել Կարապետյանը. «Նման բան չկա»,- եզրափակեց նա: Հիշեցնենք, այսօր ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել ՀԷՑ ՓԲԸ-ի նկատմամբ տուգանքներ կիրառելու մասին: Արդյունքում նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման սահմանված կարգի խախտման համար, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը, հանձնաժողովը որոշեց ՀԷՑ-ի նկատմամբ կիրառել ընդհանուր առմամբ 60 միլիոն դրամի չափով տուգանք: Նշենք, որ մինչ այսօրվա նիստը ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ի խախտումների հետ կապված ստացել էր շուրջ 18 վարչական վարույթ, որոնցից 4-ը կարգավորվել էր և դուրս էր եկել այսօրվա օրակարգից: Վարչական 3 վարույթ էլ նիստի օրակարգից դուրս եկավ նիստի ընթացքում, որոնց մնալու պարագայում տուգանքը կկազմեր ոչ թե 60 , այլ 75 միլիոն դրամ: Տուգանքներ կիրառելու հետ կապված որոշումներին ՀԾԿՀ-ի բոլոր անդամները միաձայն կողմ էին քվեարկում: Դա ակնհայտ էր, որ դուր չէր գալիս Եվգենի Բիբինին: Վերջինս հիշեցրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին իր կողմից գրված նամակի մասին: Նամակում, Բիբինի տեղեկացմամբ, նշված է, որ ինքը համաձայն չէ էլեկտրաէներգիայի 7 դրամ թանկացմանը և պնդում է, որ թանկացման 17 դրամը հիմնավորված է: Սա հարուցեց հանձնաժողովի անդամների դժգոհությունը: Ռոբերտ Նազարյանը նշեց. «Այնպիսի տպավորություն է, որ դուք պետք է որոշեք, թե ինչ անել կամ ոնց անել»: Հանձնաժողովի մնացյալ անդամները ևս հայտնեցին իրենց դժգոհությունը Բիբինի պահվածքի վերաբերյալ: Մանրամասները` տեսանյութում: