Հայ-էստոնական բարեկամությանը դեմ չեն, սակայն հուշաքարը ոչնչացնում են (տեսանյութ)
Խոտածածկ մի տարածքում 2009-ից մինչ 2014թ-ը տեղադրված է եղել հայ-էստոնական բարեկամությանն ու արցախյան հերոսամարտի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշաքար։ 2014թ-ին հուշաքարը ապամոնտաժվել է ՝ Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանի հրամանով։ «Ես Ֆինլանդիա էի գնացել ու տասը օր հետո տիկինս զանգել ու ասում ա ինձ, որ դու գնացիր թե չէ՝ 2 օրում բուկվալնո, ես երկու տարի տանջվել սարքել եմ, երկու գիշերա տևել քանդելը, փող են տվել ուրիշներին ու 2 գիշերում քանդել են»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմում է հուշաքարի հեղինակ, քանդակագործ Ֆելիքս Հովսեփյանը։ Արմեն Ուլիխանյանի պնդմամբ՝ հուշաքարը ապամոնտաժվել է , քանի որ այն տեղադրված է եղել ապօրինի, բացի այդ գեղեցիկ չի դիտվել տարածքի նորակառույց եկեղեցու և Նանսենի թանգարանի ֆոնին։ «Ես բազմիցս հարգարժան Ֆելիքս Հովսեփյանին զգուշացրել եմ, խնդրել եմ, որ դուք ձեր կամքով ապամոնտաժեք այդ հուշաքարը, եթե կարելի է դա էդպես անվանել։ Այն համահունչ չի այսօրվա այդ եկեղեցու կողքին, որը շատ շքեղ է , ու նրա կողքին չեմ կարող ասել թե դա հուշաքար է, նման քարակույտ»,- մեզ հետ զրույցում նշում է Նոր Նորքի թաղապետը։ Ֆելիքս Հովսեփյանը, սակայն, հակադարձում է ՝ ցույց տալով այն փաստաթղթերը, որոնք նա ստացել է նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանից։ «Պարոն Դավիթ Պետրոսյանը շատ նորմալ, մարդկային մարդ էր, որը թույլ տվեց, քաղաքապետարանն էլ գիտեր, եկել են , քաղաքապետարանի քանդակների, տարածքի բաժնում փաստաթղթերը եղել են, բայց քանի որ փոխվում ա ղեկավարությունը, փոխվում են նաև թղթերը»,- վրդովված շեշտում է քանդակագործը։ Իսկ Արմեն Ուլիխանյանը այս կապակցությամբ ասաց. «Նա ժամանակին դիմել է Դավիթ Պետրոսյանին, ուղղակի գրությամբ դիմել է , բայց թե ինչ պատասխան է եղել, ինչ է եղել չկա այդպիսի բան»։ Թաղապետը չի թաքցնում ՝ ապամոնտաժումից հետո հուշաքարը ոչնչացվել է։ Ուշագրավ է , սակայն, այն հանգամանքը , որ հուշաքարի հեղինակի և թաղապետի կողմից մեզ ցուցադրված լուսանկարները բացարձակապես տարբեր էին։ Մանրամասները՝ տեսանյութում։