«Ոստիկանապետը կխաչակնքի ու տանկերը կքշի մեզ վրա» (տեսանյութ)
Դերասան Սերգեյ Դանիելյանը երեկ եղել է էլ.էներգիայի թանկացման դեմ պայքարող երիտասարդների կողքին։ Իր կարծիքով՝ այն ընթացքը, որն այժմ կա, ոչնչի չի բերի։ «Կարող էր ՀԷՑ-ի տնօրենը լինել հայ՝ Բիբյան ազգանունով, դրանից ոչինչ չէր փոխվելու»,-նշեց նա։ Իսկ ի՞նչ ընթացք կստանա բողոքի ակցիան առաջիկայում, դերասանն ասում է. «Կամ կմարի, կամ ոստիկանապետը հերթական անգամ Աստծուց ինդուլգենցիա կվերցնի, կխաչակնքի ու տանկերը կքշի մեզ վրա»։ Նա այլ ճանապարհ է տեսնում՝ խնդրի լուծման համար։ «Ապրանքը տալիս են, մի առեք։ Օրական մի ժամ թող լույսերն անջատեն թե տներում, թե գործարաններում։ Դրանից որևէ վնաս չի լինի մարդկանց, իսկ ՀԷՑ-ը միլիարդների վնաս կկրի։ Ինքը մեր գրպանին է խփում, մենք էլ իր գրպանին խփենք»։ Այս հարցով առաջարկում է, որ զբաղվեն պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու այլք, հատվածներ վերցնեն ու կազմակերպեն օրական մեկժամյա անջատումը։ «Ես մեր շենքում վիզ եմ վերցնում դա անել»,-շեշտեց նա։ Ակտիվիստներին պարոն Դանիելյանը բնորոշում է որպես լուսավոր, լավ երիտասարդներ, որոնց կողքին ինքը պատրաստ է կանգնել ցանկացած պարագայում։ Բայց իմաստ չի տեսնում նրանում, որ երբեմն նրանք ափերից դուրս են գալիս։ «Աշոտյանին հայհոյեցին... գիտեք ինչ, ոչ միայն Աշոտյանին, այլ բոլոր նախարարներին կարելի է ասել այդ բառերը։ Բայց այնտեղ դրա տեղը չի։ Նա մեզնից հարուստ է, ավելի հեշտ կմուծի հոսանքի համար, մենք մի քիչ ավելի դժվար»։ Դերասանը կարծում է, որ խնդիրը չի լուծվի, եթե անգամ ՀԷՑ-ն ազգայնացնենք։ «Ռուսաստանը մեր բոլոր կռանթները կփակի։ Մենք պատրա՞ստ ենք դրան, պատերազմող երկիր ենք»։ Նա համոզմունք ունի, որ փողը մեջ-մեջ են արել մեր իշխանությունն ու այդ կառույցը. «Չի հարգում Բիբինը մեր երկիրը։ Ռուսաստանը մեզ նայում է որպես վասալների»։ Իսկ արդյո՞ք ճիշտ էր ակտիվիստների՝ նախագահի առաջարկած հանդիպումից հրաժարվելը. «Ես չգիտեմ։ Կարծում եք՝ Տիգրան Կարապետյա՞նն եմ, որ ամեն ինչ գիտեմ. հազամ ու խոսամ»,-եզրափակեց պարոն Դանիելյանը։