Օմբուդսմենը ակնկալում է ողջամիտ պատասխան իրավապահ մարմիններից (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը միայն ողջունում է «Human Rights Watch» Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության գնահատականը Հիմնադիր խորհրդարանի 5 անդամներին ձերբակալելու եւ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ «Ես իրավունք չունեմ ընթացիկ գործերով որեւէ կարծիք հայտնելու եւ միայն կարող եմ ողջունել, որ միջազգային եւ տեղական իրավապաշտպան կառույցները անում են այն աշխատանքը, որը սահմանափակված է օրենքով եւ մենք չենք կարող անել»,-կառավարության նիստից հետո ասաց նա։ ՄԻՊ-ը ակնկալում է, որ ձերբակալության, այնուհետեւ կալանավորման հետ կապված հանրությանը եւ բոլորին կտրվեն ողջամիտ պատասխաններ, թե ինչ է հայտնաբերվել, ինչ տեղի ունեցավ գործով եւ որքանով են հիմնավոր մեղադրանքները, որ հնչեցվեցին այդ անձանց հետ կապված։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալվեցին, իսկ այնուհետեւ երկու ամսով կալանավորվեցին Հիմնադիր խորհրդարանի 5 անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուքասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Պավլիկ Մանուկյանը եւ Գեւորգ Սաֆարյանը։ Նրանք մեղադրվում էին ապրիլի 24-ին զանգվածային անկարգության փորձի նախապատրաստման մեջ։ Սակայն մայիսի 4-ին նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ։