Հայերի քաղաքացիության հարցը՝ Վրաստանում. քննարկում
Անդամակցելով ԵՄ-ին՝ Վրաստանն իր օրենսդրությունը սկսեց համապատասխանեցնել միության պահանջներին։ Օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտել անցած տարվա սեպտեմբերի մեկից։ Այս պարագայում խնդիրներ առաջացան ՀՀ հետ կապված: Ըստ նոր պահանջների՝ Վրաստանի այն քաղաքացիները, որոնք նաեւ ՀՀ երկքաղաքացի են, կամ պետք է հրաժարվեն երկքաղաքացիությունից, կամ Վրաստանում ապրելու համար նրանց տրվում է որոշակի ժամանակ, որից հետո նրանք պետք է վերադառնան ՀՀ: Հատկապես ջավախքի բնակիչներն այսպիսով կանգնում էին խնդրի առաջ: Նրանց խնդրանքը մեկ էր՝ Վրաստանի իշխանությունները գոնե տրամադրեն մշտական կացության իրավունք։ Հարցը քննարկվել է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակության այցի ժամանակ, երբ Վրաստանի իշխանությունները խոստացել էին հարցին արագ լուծում տալ: «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկմանը, որը վերաբերում էր «Միգրացիոն օրենսդրության նոր պահանջները Վրաստանում» խնդրին, մասնակցում էին մասնագետներ ինչպես ՀՀ-ից, այնպես էլ տեսակապի միջոցով Վրաստանից: «Մեծ քանակությամբ ջավախահայեր բավականին երկար ժամանակ ունեին երկքաղաքացիություն: Նոր միգրացիոն օրենքից հետո կարևոր խնդիր դարձավ ոչ միայն օրենքի և իրենց իրավունքների մասին չիմանալու հարցը, այլև Վրաստանի բյուրոկրատիան»,- նշում է վրացագետ Արսեն Խառատյանը։ Վրաստանի Արդարադատության ներկայացուցիչ Ռուբեն Պալյանն իր խոսքում նշեց, որ խնդիրը ոչ միայն հայերին է վերաբերում, այլեւ Վրաստանում ապրող մյուս այլազգիներին: Նա նշեց, որ տեղաբնակ հայերից ստացել են 3149 դիմում՝ ժամանակավոր կեցության համար դիմում, որից մերժվել է 23-ը՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Պարոն Պալյանը վստահեցրեց, որ եղել են նաեւ Վրաստանի քաղաքացիության կասեցման դիմումներ, սակայն, նրա վստահեցմամբ, միայն ու միայն քաղաքացիների ցանկությամբ. «Նրանք հիմնականում ՌԴ քաղաքացիներ են, որոնք վաղուց այլեւս չէին ապրում Վրաստանում ու մշտական բնակության են մեկնել ՌԴ»: Նա ընդգծեց, որ ժամանակին առանց գրանցման հնարավոր չէր Վրաստանում գնալ դպրոց կամ սոցիալական ծրագրերից օգտվել. «Հիմա այդ խնդիրները կարգավորվել են ու ժամանակավոր գրանցման ամբողջ գործընթացը թեթեւացել է»: Ինչ վերաբերում է այն խնդրին, որ շատ մարդիկ, որոնք դիմել են Վրաստանի քաղաքացիություն ստանալու ու մի քանի անգամ մերժվել, ապա, ըստ պարոն Պալյանի, նրանց ժամանակավոր գրանցումը տրամադրվում է անվճար. «Ժամանակավոր գրանցում ստանում են այն մարդիկ, որոնք դուրս են եկել, հետո նորից դիմել քաղաքացիության համար՝ հինգ տարով, իսկ մշտական գրանցում ստանում է մեծամասնությունը, որը արյունակցական հարազատներ ունի Վրաստանում: Մենք բացատրում ենք, որ այդ հինգ տարին ոչ թե ժամանակավորի մասին է, այլ անձնագրի ժամկետն է: Մենք շահագրգիռ չենք, որ կասեցնենք որեւիցե քաղաքացիություն»: