Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեքս սիմվոլին այդպես չպետք է ընդունեին». ընդդեմ Քարդաշյանի ակցիան չկայացավ (տեսանյութ)

Հասարակություն
kim-kardashyan1-241x2651

«Հայաստանի սոցիալիստական շարժում» և «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ների Կառավարության շենքի դիմաց նախատեսած պիկետը չկայացավ: «Մենք չենք ուզում Հայաստանում դեստաբիլիզացիա առաջացնենք, որովհետև օտարերկրյա հյուրեր ունենք երկրում, և այս օրերին քաղաքական կամ հասարակական պիկետ անցկացնելը ոչ ճիշտ ենք համարում, նաև հաշվի առնելով` ապրիլի 24-ին ընդառաջ մեր հասարակության հուզականության մակարդակը»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է «Հայաստանի սոցիալիստական շարժում» ՀԿ-ի ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը: Վերջինիս խոսքերով` պիկետ անցկացնելու նպատակը կառավարությանը նախազգուշացնելն էր, որպեսզի իշխանության ներկայացուցիչները պետական բարձր շքանշաններ չհանձնեն համաշխարհային ճանաչում ունեցող պոռնոաստղ Քիմ Քարդաշյանին, ով ըստ պարոն Ահարոնյանի` վարկաբեկում է հայ կնոջ ավանդական կերպարը: «Քիմ Քարդաշյանն իր ամբողջ կյանքում ոտնահարել է հայ կնոջ բարոյական կերպարը, միշտ դեմ է գնացել հայկական արժեքներին` այդ կերպ բիծ քաշելով ավանդապահ հայ կնոջ կերպարի վրա: Իսկ այսօր մենք նրան ընդունում ենք այդպիսի շուքով, ազգային տարազներով ու աղուհացով, այնուհետև պետական մակարդակով ընդունում է նաև վարչապետն ու մնացյալ պաշտոնյանները»,- նշում է Ռոբերտ Ահարոնյանը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ, այնուամենայնիվ, իրենք ողջունում են Քիմ Քարդաշյանի այցը Հսյաստան, ողջունում են նաև այն, որ Քարդաշյանը գովազդում է ամբողջ Հայաստանը, խոսում է Ցեղասպանության ճանաչման մասին: «Ցավում ենք, որ Հայաստանի մասին իմանում են Քիմ Քարդաշյանի միջոցով, չնայած նա շատ լավ գովազդում է Հայաստանը, բայց նման շքախմբերով, նման մակարդակով նրան ընդունելը և նրան գովազդելը մեզ համար տարօրինակ է: Ես չեմ կարծում, որ Հայաստանի մասին մարդիկ պետք է իմանան պոռնոաստղի միջոցով, ով ողջ աշխարհին հայտնի է իր սեքս տեսահոլովակներով: Եվ չեմ ընդունում նաև այն, որ մեր հայ աղջիկները փողոցում կանգնեն և բղավեն. «Քիմ, ես ուզում եմ քեզ նմանվել»։ Նա աղավաղում է հայ կնոջ պատիվը»: Վերոնշյալ շարժման անդամները նաև նամակ հանձնեցին կառավարության նամակների և դիմումների ընդունման բաժին` հասցեագրված ՀՀ վարչապետին: Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր Կառավարության շենքի դիմաց պիկետ անցկացնել՝ այս օրերին Հայաստանում գտնվող ամերիկահայ շոուաստղ Քիմ Քարդաշյանին պետական պարգևներ չհանձնելու համար, որը նախաձեռնել էր «Հայաստանի սոցիալիստական շարժում» ՀԿ-ն:   Մանրամասները՝ տեսանյութում