Իշխանությունները նորից խրախուսում են մենաշնորհը. Ինչ բերեց «Քարֆուրը» (տեսանյութ)
Շատ վաճառքի միավոր, քիչ եկամուտ, որի արդյունքում եկամուտը շատ կլինի. բիզնեսի գրագետ մարկետինգը օրինակ կծառայի Հայաստանում` նորաբաց «Քարֆուր» հիպերմարկետի օրինակն է բերում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Եթե ներկրողները նույն մարդիկ են, մրցակցության դաշտը նորից նեղ է, ու գնային քաղաքականությունը նույնը կլինի՝ անհանգստություն է հայտնում ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը։ Նա հատկապես ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «Քարֆուրը» իր ապրանքի միայն 5 տոկոսն է ներկրելու. «Եթե 45-50 տոկոս թույլ տային ներկրեր, ավելի օգտակար կլիներ»։ Սա նշանակում է, որ «Այսօրվա իշխանությունները նորից խրախուսում են մենաշնորհը, պաշտպանում են այն։ Օլիգոպոլիայի դեմ պայքարի գործընթացը կանգ է առնում, յուրայինները կմնան հովանու տակ»։ Արամ Սարգսյանը վտանգ է տեսնում՝ նորից մարդիկ կհուսահատվեն ու կհավաքեն ճամպրուկները։ Նա հիշեցնում է՝ պաշտոնական տվյալներով՝ անցյալ տարի 40-41 հազար մարդ լքել է ՀՀ-ն։ Ահարոն Ադիբեկյանը, սակայն, զարմանալի տվյալներ ունի. այսուհանդերձ, ըստ նրա, երկրում սպառումն ավելացել է։ Նա չգիտի, թե ինչի հաշվին։