«Հռչակագիրը փաստաթուղթ է, որը չի ներկայացնում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը» (տեսանյութ)
«Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրում չկան ծայրահեղական մտքեր, միջազգային իրավունքի տեսանկյունից խնդրահարույց հարցեր»,-նման կարծիք է հայտնել ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը։ Սակայն այս փաստաթղթով մեր երկիրը չի կարող Թուրքիայի առջև պահանջատիրության հարց դնել, քանի որ այն ձևակերպված է միայն որպես ամբողջ հայ ժողովրդի մոտեցումներն ամրագրող փաստաթուղթ։ «Սա փաստաթուղթ է, որը չի ներկայացնում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, և մենք պետք է հասկանանք, որ բնականաբար, կա տարբերություն ժողովրդի և պետության պաշտոնական դիրքորոշման միջև»,-շեշտել է պարոն Քոչարյանը։ Իսկ հռչակագիրն, ըստ նրա, կարող էր իրավական պարտավորություններ ենթադրել Թուրքիա պետության համար, որի կողմից իրականացվել է ցեղասպանությունը։ Միջազգային իրավունքի մասնագետը կարծում է, սակայն, որ ժողովրդի անունից ներկայացված փաստաթղթի դրույթներին եթե ոչ ամբողջ ժողովուրդը, ապա մեծամասնությունը համաձայն է։ Պարոն Քոչարյանը հետաքրքիր է համարում առաջին նախագահի՝ Ցեղասպանության հռչակագրի բովանդակության վերաբերյալ բաց նամակը, քանի որ իր պատկերացմամբ՝ այն ուղղված է հենց պաշտոնական փաստաթուղթ ձևավորելու հարցին։